Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով ենք «Լաչինի միջանցքի» կարգավիճակը կհավասարեցվի Ստեփանակերտի թեկուզ այս պահին անորոշ կարգավիճակին․ Քաշաթաղի վարչական ղեկավար

Հուսով ենք «Լաչինի միջանցքի» կարգավիճակը կհավասարեցվի Ստեփանակերտի թեկուզ այս պահին անորոշ կարգավիճակին․ Քաշաթաղի վարչական ղեկավար
Հասարակություն
17:55, 20 январь 2022
44-օրյա արցախյան պատերազմից հետո Բերձոր է վերադարձել բնակչության ընդամենը 10 տոկոսը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Քաշաթաղի շրջանը, որը մինչ պատերազմն ուներ 54 բնակավայր, պատերազմից հետո բաղկացած է ընդամենը 5 բնակավայրից՝ Բերձորից, Աղավնոից, Ներքին Սուսից, Աղանուսից և Քարեգահից, իսկ մնացած բնակավայրերն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ 

Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աղանուսն ու Քարեգահն այս պահին բնակեցված չեն, այսինքն պատերազմից հետո բնակիչները դեռևս չեն վերադարձել։ Իսկ Բերձորում և Ներքին Սուսում ոչ դպրոց կա, ոչ մանկապարտեզ։ Այս 2 բնակավայրերի երեխաներն ամեն օր ավտոբուսով գնում են Աղավնոյի դպրոց ու հետ գալիս։ Բնակեցված երեք բնակավայրերում մանկապարտեզ էլ չկա, բայց Մուշեղ Ալավերդյանը հավատացրեց, որ առաջիկայում Աղավնոյում մանկապարտեզ կբացվի, որտեղ կարող են հաճախել Աղավնոյի, Ներքին Սուսի ու Բերձորի երեխաները։ 

«Բերձորի բնակիչների տները նորմալ վիճակում են, նաև այն բնակիչներինը, որոնք դեռևս չեն վերադարձել»,-ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ու հավելեց, որ բնակիչների հիմնական մասը գտնվում է Հայաստանում, որովհետև Բերձորի հետ կապված չկա հստակ կարգավիճակ։ 

Նարեկ Ալեքսանյանն անդրադառնալով Բերձորի բնակիչների զբաղվածությանը՝ նշեց, որ նախկինում Բերձորի բնակչության 80 տոկոսը պետական ապարատի աշխատողներ էին և այն բնակինչերը, որոնք վարչակազմի, համայնքապետարանների կամ այլ կառույցների աշխատակիցներ են՝ չունի նշանակություն այս պահին ամբողջությամբ են իրենց գործառույթներն իրականացնում, թե մասնակի՝ միևնույնն է ամբողջությամբ վարձատրվում են․ «Բերձորի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անասնապահության, այգեգործության համար նպատակահարմար չէ՝ քարքարոտ է, թեպետ կան ընտանքիներ, որոնք խոզեր, կովեր, ոչխարներ ու մեղուներ են պահում։ Այս պահին Բերձորում բնակվում է 47 երեխա, որից 21-ը դպրոցական են»,- հավելեց Բերձորի քաղաքապետը։ 

Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն էլ հիշատակեց, որ Քաշաթաղի շրջանը դա կոմպակտ Հայաստան էր Արցախի կազմում, այսինքն և բնիկ քաշաթաղցիներ կային, և Արցախի ու Հայաստանի տարբեր շրջաններից բնակիչներ․ «90-ականներին պատերազմի ժամանակ հայ բնակչությունն արտագաղթել էր Քաշաթաղից, սակայն հետագայում ոչ միայն բնիկները վերադարձան, այլ նաև վերաբնակեցվեց շրջանը։ Հիմա բնակիչները, որ վերադառնում են տան ապահովման խնդիր չենք ունենում, սակայն Բերձորի կարգավիճակի հարցը կա՝ կա միջանցքի տրամաբանություն»,-նշեց Քաշաթաղի շրջանի ղեկավարն ու ընդգծեց, որ «Լաչինի միջանցքի» կարգավիճակը հայկական կողմի համար բաղձալի երազանք է, որ այն հավասարեցվի Ստեփանակերտի, Մարտակերտի կամ Մարտունու թեկուզ այս պահին անորոշ կարգավիճակին․ «Բնակիչների չվերադառնալու ամենամեծ խնդիրը՝ դա քաղաքական անհստակությունն է կապված Քաշաթաղի շրջանի տարածքների հետ։ Այսինքն եթե այս պահին Արցախի կարգավիճակը դեռևս անհստակ է, բայց կան դիրքորոշումներ, մեզ մոտ երկակի անհստակ է, քանի որ «Լաչինի միջանցքի» հետ կապված չկան դիրքորոշումներ»։ 

Մուշեղ Ալավերդյանը հույս հայտնեց, որ հայ դիվանագիտական կորպուսը մինչև Արցախում ռուս խաղաղապահների 5 տարին լրանալը որոշակի հստակություն կմտցնի «Լաչինի միջանցքի» հարցում․ «Զանգելանը, Կուբաթլուն, Քաշաթաղի հյուսիսային հատվածը կապող բոլոր ճանապարհներն անցնում են Բերձորով ու Աղավնոյով և ռուս խաղաղապահների վերահսկողությամբ ադրբեջանական ռազմական ավտոշարասյունների տեղաշարժը նոյեմբերի 9-ից հետո միշտ կա»։ 

Նարա Մարտիրոսյան