Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամի ոտքը Բայրաքթարից կտրվել էր, 4 ժամ Ֆիզուլիի ճանապարհին մնացել է անօգնական ու զոհվել. 44-օրյայի մասնակից Արամն այսօր կդառնար 22 տարեկան․ տեսանյութ

«Սա իր առաջին աշխատանքն է, որ ինձ է նվիրել։ Գիտեր, որ ես արծաթ շատ եմ սիրում, առաջին գործը, որ պատրաստել է ինքը, ինձ համար է պատրաստել». Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արամ Դավթյանի մայրը՝ Աննա Բաբախանյանը, պատմում է, որ տղան շատ էր սիրում իր մասնագիտությունը՝ ոսկերչությունը, զարդեր էր պատրաստում ու նվիրում հարազատներին, սակայն պատերազմը խլեց Արամին, և նրա ոսկերչական ստեղծագործությունները հուշ մնացին։   

Կարենիս բնակավայրի բնակիչ Արամ Դավթյանը 9-րդ դասարանից տեղափոխվել է առաջին տարածաշրջանային քոլեջ՝ ոսկերչական բաժին։ Ավարտել է քոլեջը ոսկերչի մասնագիտությամբ ու աշխատել մեկ տարի, որից հետո զորակոչվել է բանակ։ 

 «Մեծ երազանքներ ուներ, սիրում էր իր գործը։ Մտածում էր, այսինքն՝ ես էլ էի որոշել, որ հետ կգա ու մասնագիտորեն ավելի խորացված կսովորի՝ կամ գեղարվեստի ուսումնարանում, կամ ինչ-որ տեղ դիզայներական բաժինը կավարտի»,- մեզ հետ զրույցում իր չիրականացած ցանկություններն է կիսում զինծառայողի մայրը։

Արամի հարազատները Արամի համար նվեր գնելիս ժամացույց էին ընտրում, գիտեին՝ սիրում է ժամացույց կրել ու երազում է  Շվեյցարիա մեկնել՝  տեսնելու ժամացույցների գործարանը, թե ինչպես են այնտեղ աշխատում։ Նոր ստեղծագործությունների մտքերով տարված երիտասարդը դեռ երկար պետք է գեղեցիկը ստեղծեր։ Այսօր Արամը կդառնար 22 տարեկան։ 

Արամի զորացրվելուն ընդամենը 4 ամիս էր մնացել։ Նա երբեք չի բողոքել զինվորական ծառայությունից։ Ծառայում էր Հադրութի զորամասում՝ դիրքերում էր լինում։ Պատերազմն սկսվելու օրվանից ծնողներն Արամից մոտ 1 շաբաթ լուր չեն ունեցել, այդ ժամանակ կարծել են՝ զոհվել է իրենց տղան, անունը զոհվածների ցուցակում են փնտրել։ Սակայն Արամը չի թողել ծնողները երկար տխրեն՝ մեկ շաբաթ անց զանգել է նրանց և ուրախացրել իր ողջ ու առողջ լինելու լուրով։   

 «Ամսի 10-ի օրը, որ ադրբեջանցիք մտնում են Հադրութ, այդ ժամանակ իրենց կամանդիրը երեխուն 12 զինվորով մեքենա է տրամադրում, որ երեխեքը ճաշարանի կանանց տեղափոխեն Գորիս քաղաք։ Եկել են Գորիս, կանանց իջեցրել են, մեկ օր մնացել են այնտեղ, բայց իրենց ասել են՝ թողեք գնացեք ձեր զորամաս, իրենց զորամասն էլ չկար արդեն»,- պատմում է Արամի հայրը՝ Ռազմիկ Դավթյանը։

Գորիսից Բերձոր գնալու ճանապարհին  Արամը կրկին զանգել է ծնողներին՝ տեղեկացրել, որ հետ են գնում Արցախ։ Հայրը՝ Ռազմիկ Դավթյանը, անհանգստացել է ու գիշերը ճանապարհ ընկել դեպի Արցախ՝ որդուն տեսնելու։ Հոր ու որդու վերջին հանդիպումը հոկտեմբերի 13-ին է կայացել: «Գիշերով հասել եմ, երեխուն տեսել եմ, Լաչինի ճանապարհին կանգնեցրել եմ, երեխուս հետ մի քիչ խոսել եմ, էդտեղից իրենք ուղևորվել են Կարմիր շուկա՝ Արցախի Հանրապետություն»,- ասում է հայրը։ 

Հոկտեմբերի 14-ին 20 զինծառայողների, այդ թվում՝ Արամին, տեղափոխում են Կարմիր շուկայից, և նրա վերջին զանգը մեծ եղբորը լինում է հենց 2020թ. հոկտեմբերի 14-ին։  

«Վերջին անգամ զանգեց ասեց՝ մեզ տեղափոխում են Ֆիզուլի, չգիտեմ՝ կզանգեմ, թե չէ, բայց մերոնց չասես, կասես՝ ստեղ ենք, նորմալ է ամեն ինչ»,- Արամի վերջին խոսքերն է կրկնում եղբայրը՝ Դավիթ Դավթյանը։ 

Ֆիզուլիի ճանապարհին Բայրաքթարը հարվածում է զինծառայողների ավոտմեքենային՝ 8-ը զոհվում են, 12-ը վիրավորվում։ Վիրավորների թվում է լինում նաև Արամը՝ օգնություն է կանչում, սակայն 4 ժամ որևէ մեկը բժշկական օգնություն չի ցուցաբերում, ու տղան զոհվում է։ Այս մասին Արամի ծնողներն իմանում են իրենց որդու զոհվելուց ավելի քան մեկ տարի անց՝ զինծառայող ընկերոջից։ 
«Այդ ժամանակ հենց երեխեն 4 ժամ հետո զոհվում է այդտեղ, ոտքը կտրված, գետնին ընկած է լինում։ Կամավոր տղաներ են հանդիպում այդ պահին, մոտենում են երեխուն, տեղափոխում մի քիչ հեռու, քանի որ թուրքերը կրակում էին։ Երեխեն պայքարել է իր կյանքի համար»,- ասում է հայրը։ 

Հոր խոսքով՝ Ֆիզուլիի ճանապարհին ավտոմեքենայի մեջ սպաներ են եղել ժամկետային զինծառայողների հետ, որոնք փախել են, օգնություն ցույց չեն տվել վիրավորներին։ Իսկ երեկոյան, երբ ավտոմեքենա է եկել վիրավորների հետևից օգնության, Արամն արդեն զոհված է եղել։ Վիրավորներին տեղափոխել են ավտոմեքենայի մեջ, իսկ Արամի մարմինը մնացել է դաշտում՝ գետնին։ Պարտադիր ժամկետային զինծառայողի մարմինը գտել են 2 ամիս անց՝ 2020թ․ դեկտեմբերին, իսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքը պատրաստ է եղել  2022թ. հունվարին.  «Մենք այն հույսով էինք, որ մեր երեխան կենդանի է։ Տարբեր մարդիկ խաբել են, ասում էին՝ կենդանի է, Բաքվի բերդում է, գրավված տարածքներում է և այլն։ Դատաբժշկական քննությունից հետո իմացել ենք, որ մահացել է, կանչել ասել են՝ Ձեր երեխեն ա, մենք ճանաչել ենք իր սվիտրից՝ գրաժդանսկի, որը տակից ա եղել, ես եմ ճանաչել»։

Ռազմիկ Դավթյանի խոսքով՝ քրեական գործ կա հարուցված, բայց ինչ ընթացք կունենա գործը, արդյոք մեղավորները կպատժվեն՝ դեռ ոչինչ չի կարող ասել։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում