Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալվել են «Սուրմալուի» փոխտնօրենը, վարձակալն ու պահեստը շահագործող անձինք, հարցաքննվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ. ՔԿ

Ձերբակալվել են «Սուրմալուի» փոխտնօրենը, վարձակալն ու պահեստը շահագործող անձինք, հարցաքննվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ. ՔԿ
Հասարակություն
14:49, 26 август 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված 4 անձինք հանդիսանում են փոխտնօրենը, վարձակալն ու պահեստը շահագործող անձինք։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով. «Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հիմքով ձերբակալվել են փոխտնօրենն ու վարձակալը, իսկ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու հիմքով՝ պահեստը շահագործող անձինք»։ Նա նաև նշեց, որ նախաքննության ընթացքում հարցաքննության են ենթարկվել նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից պաշտոնյաներ։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու պայթյունի բոլոր հանգամանքները։ 

Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք): Բացի դրանից, ևս երկու անձ ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով ( Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։ 

Նշենք, որ վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ անհետ կորած մարդու որոնողական աշխատանքները դադարեցված են։ 

Թամարա Ղազարյան