Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ի պայթյունի գործով 80-ից ավելի հարցաքննված անձինք կան, 50-ից ավելին ճանաչվել են տուժողներ, այդ թվում՝ տնտեսվարողները. կասկածյալներ և մեղադրյալներ դեռ չկան․ ՔԿ մամուլի քարտուղար

«Սուրմալու»-ի պայթյունի գործով 80-ից ավելի հարցաքննված անձինք կան, 50-ից ավելին ճանաչվել են տուժողներ, այդ թվում՝ տնտեսվարողները. կասկածյալներ և մեղադրյալներ դեռ չկան․ ՔԿ մամուլի քարտուղար
Հասարակություն
17:41, 22 август 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի եռահարկ շենքի պայթյունի հանգամանքները պարզելու համար նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալներ ու կասկածյալներ չկան։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ու հավելեց. «80-ից ավելի հարցաքննված անձինք կան, որից 50-ից ավելին ճանաչվել են տուժողներ, այդ թվում՝ տնտեսվարողները, որոնք պայթյունի հետևանքով վնասներ են կրել»։  

Վարդան Թադևոսյանը նշեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել, իսկ եռահարկ շինությունը, որը պայթել է, վարձակալությամբ էր տրված։

Ավելի վաղ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել էր, որ եռահարկ շինությունում 4 տոննա հրավառ նյութեր են պահվել։ 

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասով (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
 
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 16 անձ՝ բոլորի ինքնությունը պարզված է, անհետ կորած է համարվում 1 անձ։ ԱԻ նախարարի խոսքով՝ անհետ կորած անձը գտնվել է հենց պայթյունի էպիկենտրոնում, և բավական բարդ է լինելու մարմինը գտնելը։  

Նարա Մարտիրոսյան