Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության, ՔԿ-ի և ԱԻՆ-ի պաշտոնյաները քննարկում են ելք գտնել «Փեթակ»-ի տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ. ԱԻՆ խոսնակ

Ոստիկանության, ՔԿ-ի և ԱԻՆ-ի պաշտոնյաները քննարկում են ելք գտնել «Փեթակ»-ի տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ. ԱԻՆ խոսնակ
Հասարակություն
12:30, 22 август 2022
«Փեթակ»-ի առևտրականներն այսօր՝ օգոստոսի 22-ին, բողոքի ակցիա են կազմակերպել դեպի «Փեթակ» տանող ճանապարհին՝ դժգոհում են կենտրոնը տևական ժամանակ փակ լինելու համար։ 

«Սուրմալու» առևտրի կենտրոնի եռահարկ շինության պայթյունից հետո փակ է նաև հարակից տարածքում գտնվող «Փեթակ» առևտրի կենտրոնը։

«Աշխատել է պետք, ես և տնտեսվարող եմ, և աշխատող, բայց ինչքան աշխատակիցներ կան, որոնք օրական 5000 են առնում ու հիմա չեն առնում, դրանով ընտանիք են պահում, այս ուղղությամբ էլ է պետք մտածել, ստեղծել պայմաններ, որ մարդիկ աշխատեն, հնարավորություն կա բացելու «Փեթակ»-ը։ Սպասում  ենք՝ վերևներից երբ կհրահանգեն, բացենք աշխատենք»,- դժգոհում էր «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողներից մեկը։

Մյուս տնտեսվարողի խոսքով էլ՝ «Փեթակ»-ի տնօրինությանը հարցրել են՝ ե՞րբ են աշխատելու, բայց տնօրինությունից պատասխանել են՝ վերևներից պետք է ասեն. «Վերևներ հասկացությունն էլ շատ մեծ է՝ թե ԱԻՆ-ն է, թե ՔԿ-ն է, թե կառավարությունը, կոնկրետ չեն նշում։ Մեկ շաբաթ է՝ լսում ենք, որ 2 օրից կբացվի, երեկ էլ լսեցինք՝ 2 ժամից կարող է բացվել, ու այդպես շարունակ։ Մենք էլ վարկեր ունենք, հարկեր ունենք, ո՞վ է փոխհատուցելու»։  

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողների պահանջին, որոնք ուզում են հստակ օր հայտարարվի, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի, Ֆեյսբուքի իր էջում գրառել է. «Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։ Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»։

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մահացել է 16 անձ, անհետ կորած է համարվում 2 անձ, ԲԿ-ներ է դիմել ավելի քան 62 անձ։ Պայթյունի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝ քննարկվում են բոլոր վարկածները, սակայն ահաբեկչության վարկածի վերաբերյալ դեռևս որևէ փաստ չկա։ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի եռահարկ շենքում պահվել է 4 տոննա հրավառ նյութ։