Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիտարկման սարքերով երևում է, որ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի օկուպացրած դիրքերում, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Կարմիր խաչը մոտենա և վերցնի հայ զինվորների մարմինները․ իրավապաշտպան

Դիտարկման սարքերով երևում է, որ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի օկուպացրած դիրքերում, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Կարմիր խաչը մոտենա և վերցնի հայ զինվորների մարմինները․ իրավապաշտպան
Հասարակություն
18:26, 19 октябрь 2022
«777 անհետ կորած հայ կա ԼՂ առաջին պատերազմի հետևանքով, 217-ը՝ ԼՂ 2-րդ պատերազմից, և 29 անհետ կորած հայ՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով»։

Այս մասին իր թվիթերյան բլոգում այսօր գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում։ Իսկ նախօրեին պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը վերահաստատել է, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը  խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը։ «Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Ադրբեջանի հսկողության տակ անցած Հայաստանի սուվերեն տարածքի միջդիրքային գոտիներում»,- հայտնել է  նա։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր նաև Հայաստանի վարչապետը։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում, հղում անելով Ադրբեջանի կողմից աճյունների վերադարձի խոչընդոտներին, ասաց, որ հենց այդ պատճառով դեռևս հայտնի չէ, թե 29 անհետ կորած հայ զինվորներից քանիսն են սպանված։ «Մեր դիտարկման սարքերով երևում են, որ տղաների մարմինները գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված դիրքերում։ Հայտնի է նաև այդ զինվորների ինքնությունը, բայց քանի որ հայկական կողմի մոտ չեն, համարվում են անհետ կորած և մտնում 29-ի մեջ։ Սակայն, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր հումանիտար պարտավորությունը և թույլ չի տալիս, որ Կարմիր խաչը մոտենա և վերցնի հայ զինվորների մարմինները»,- նշեց իրավապաշտպանը։ 

Ի պատասխան Ադրբեջանի պնդման, թե սեպտեմբերի 13-14-ի պատերազմից հետո այս պահին հայ ռազմագերիներ չկան Բաքվում,  Արտակ Զեյնելյանն ասաց. «29 անհետ կորածների մի մասի վերաբերյալ ունենք ողջամիտ հիմքեր, որ նրանք կարող են ողջ վիճակում գերեվարված լինել»։ 

Թե կոնկրետ քանի՞սը կարող են գերեվարված լինել ողջ վիճակում, և արդյոք նրանք մե՞ծ թիվ են կազմում, Զեյնալյանի խոսքով՝ նույնպես չենք կարող հստակ թիվ նշել, որովհետև դեռևս աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, մի մասի վերաբերյալ կան գերի լինելու մասին հաստատված փաստեր։ «Որոշակի ժամանակ անցնելուց հետո նրանք կհամարվեն անհետ կորածներ, բայց քանի որ այդ տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, նրանց ճակատագրի պատասխանատվությունը գտնվում է Ադրբեջանի իշխանության ձեռքում»,- նշեց իրավապաշտպանը։ 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմում 217 անհետ կորած հայ զինվորների ճակատագրին՝ Զեյնալյանն ասաց, որ նրանցից մի քանի տասնյակի մասին ապացույցներ կան, որ ողջ վիճակում են գերեվարվել, սակայն նրանց գերի լինելու հանգամանքը Ադրբեջանը չի հաստատում, և հիմա Ադրբեջանը պետք է կամ աճյունը տա, կամ բացահայտի նրանց ճակատագիրը։

Թամարա Ղազարյան