Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բակում բացվել է զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձան

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բակում բացվել է զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձան
Հասարակություն
22:10, 02 ноябрь 2022
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բակում նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու փորձաքրեագիտական վարչության աշխատակիցներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանն իր ելույթում խոսել է ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմում ոստիկանության մասնակցության և անմահացած ոստիկանների մասին։

Ըստ աղբյուրի՝ հուշարձանի հեղինակներն են Արմեն Ղուկասյանը, Գուրգեն Դավթյանը և Զարզանդ Մովսեսյանը։

Նշվում է, որ հուշարձանը բացել է 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ փորձագետ Վազգեն Գրիգորյանի որդին՝ Հայկը։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի զոհված ոստիկանների հիշատակին, ինչից հետո հոգեհանգտսյան աղոթք է կարդացել Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։