Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին կատարվել է 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ civilnet.am

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին կատարվել է 4,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ civilnet.am
Հասարակություն
16:20, 24 ноябрь 2022
Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։

Հայաստանում կատարվող խաղադրույքների ծավալը շարունակում է կայուն աճել՝ թեպետ կառավարությունը համարում է, որ համարժեք գործողություններ է ձեռնարկում խաղամոլության դեմ պայքարի հարցում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։

2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ

2018-ին՝ 333,6 միլիարդ դրամ

2019-ին՝ 1,1 տրիլիոն դրամ

2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ

2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ

Ակնհայտ է, որ 2022-ի 9 ամիսների տվյալներով արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և ունի ընդլայնման միտումներ՝ պայմանավորված Կատարում ընթացող աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։

Կառավարությունը սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները ոչ միայն չեն նվազում, այլ ավելանալու միտումներ են դրսևորում։

Նոյեմբերի 24-ի կառավարության նիստում ընդունվեց օրենքի նախագիծ, որը դեռ քննարկվելու է խորհրդարանում։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2023-ի հուլիսի 1-ից նոր տուրք սահմանել բուքմեյքերական ընկերությունների համար։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ ինտերնետ շահումով խաղերի ժամանակ կատարված յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դեպքում խաղերի կազմակերպիչը պետք է վճարի 175 միլիոն դրամի տուրքեր։

Նույն տրամաբանությամբ ինտերնետ տոտալիզատորներով ընդունված յուրաքանչյուր 50 միլիարդ խաղադրույքի դեպքում պետական տուրք է սահմանվելու 50 միլիոն դրամը։

«Չնայած այն հան­­գամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հար­կերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից, կատարված խաղադրույք­ների ծավալների աճը մտահոգիչ է, և անհրաժեշտ է տար­բեր գործիքներով, այդ թվում՝ հար­կա­յին, զսպել խաղա­դրույքների կատարումը»,- նշված է նոր օրենքի հիմնավորումներում։

Գործող կարգավորումներով՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն ու բուքմեյքերները տարեկան վճարում են 600 միլիոն դրամի տուրք ու ծավալում գործունեություն։

Մանրամասն՝ civilnet.am