Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր ծնողները հերթով հարցնում էին՝ ե՞րբ է բացվելու մանկապարտեզը․ շուրջ 1,8 տարի փակ լինելուց հետո Տիգրան Ավինյանի ու ԵՄ դեսպանի մասնակցությամբ Երևանում վերաբացվեց հիմնանորոգված N47 մանկապարտեզը

Հունվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շահագործման հանձնվեց  հիմնանորոգված թիվ 47 մանկապարտեզը։

Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում։ 

Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ մանկապարտեզի շինարարական աշխատանքները սկսվել են 2021 թվականի ապրիլից։
 
Միջոցառմանը ներկա էին նաև Հարավային Կովկասում EIB տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, ԵՄ դեսպանը և ուրիշներ։ 

«Մեր հիմնական համագործակցության ուղղություններն են կլիմայի փոփոխությունը, էներգաարդյունավետությունը և կրթությունը։ Ինչ խոսք, չկա ավելի լավ բան, քան էներգաարդյունավետ և անվտանգ միջավայր ստեղծելը երեխաների համար»,- ասաց Անդրեա Վիկտորինը։
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ ինքը, ցավոք սրտի, իր մանկապարտեզային տարիքում պարբերաբար և շարունակական չի հաճախել մանկապարտեզ։ 

«Մանկապարտեզը, վստահաբար, միայն շենքը, պատերն ու պատուհանները չեն։ Ամենակարևորը այն բովանդակությունն է, որ մենք հաղորդում ենք մեր երեխաներին այս պատերի ներքո։ Եվ ես հուսով եմ, որ մենք մեր ջանքերը մեր նախարարության հետ կներդնենք, որպեսզի այն բովանդակությունը, որը մենք տալիս ենք այս պատերի ներքո, մեր երեխաներին տա այն կրթությունը, որը նրանց կնախապատրաստի դպրոցական կյանքին, և երեխաները կստանան նախնական գիտելիքներ ամենահիմնական և սկզբունքային ճշմարտությունների՝ միջավայրի, շրջակա միջավայրի, ընտանիքի, ընկերների, ազնվության և այլ արժեքների վերաբերյալ։ Բայց, վստահաբար, միջավայրը, որտեղ երեխաները պետք է կրթություն ստանան, նույնպես կարևոր է»,- ասաց Տիգրան Ավինյանը։ 

Միջոցառումից հետո մեզ հետ զրույցում Տիգրան Ավինյանն ասաց, որ այս տարի նախատեսում են բացել բազմաթիվ մանկապարտեզներ, իսկ այսօր բացված մանկապարտեզը Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ հիմնանորոգված մանկապարտեզն է։ 
 
«Վստահաբար, մասնավորապես Երևանում մանկապարտեզների նկատմամբ մեր ուշադրությունը շատ մեծ է, և կենտրոնացած ենք այս ծրագրի վրա։ Բացի բազմաթիվ մանկապարտեզներից, որ այս տարի ենք բացելու, պլանավորում ենք ևս 35 մանկապարտեզ ավելացնել հիմնանորոգման ծրագրում, արդեն իսկ ԵՄ գործընկերների հետ, Եվրոպական ներդրումային բանկի հետ ունենք համաձայնությունները և վստահաբար առաջ ենք շարժվելու՝ այս ծրագիրը շարունակելով, և, կարելի է ասել, բոլոր այն փոքրիկ խնդիրները, որոնք դեռևս վերջնական շտկված չեն, դրանք էլ շտկելով»,- ասաց քաղաքապետի տեղակալը։ 

Ի հավելումն Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք այլ ծրագրերով  նախատեսում են նաև մանկապարտեզների տանիքների վերանորոգում, կան մանկապարտեզներ, որոնք հիմնանորոգվում են իրենց շինբարեկարգման ծրագրով։ Փոխքաղաքապետի խոսքով՝ մանկապարտեզների ուղղությամբ աշխատանքի ծավալը երևի թե ռեկորդային է։ 

Մենք զրուցեցինք նաև մանկապարտեզի տնօրենի՝ ուսումնական գծով  տեղակալ Քնքուշ Խաչատրյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ այս մանկապարտեզը գործել է դեռևս 1975 թվականից։

«Շուրջ մեկ տարի ութ ամիս տանն ենք նստել, և  բոլոր ծնողները հերթով հարցնում էին՝ երբ է  բացվելու մանկապարտեզը, որ այս շքեղ խմբերում ու խմբասենյակներում իրենց երեխաները կրթվեն ու դաստիարակվեն»,- ասաց Քնքուշ Խաչատրյանը։ 

Մանկապարտեզում գործելու է 10 խումբ, ամեն խմբում՝ 30 երեխա,  նախատեսված է  նաև ունենալ երկու մսուրային խումբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան