Քաղաքացիակենտրոն
լրատվություն

24 միավոր գույք և 1 մլրդ 81 մլն դրամ. ՊԵԿ նախկին պաշտոնյայի դեմ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել

24 միավոր գույք և 1 մլրդ 81 մլն դրամ. ՊԵԿ նախկին պաշտոնյայի դեմ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ է ներկայացվել
Հասարակություն
23:11, 06 февраль 2023
Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանի ու նրա մերձավորների դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին. գրում է hetq.am-ը։

Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 22 անշարժ, 2 շարժական գույք և 1 մլրդ  81 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացվել:

Դեռևս 2022թ. մարտի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Վահրամ Գուրողլյանից, որդուց՝ Վազգեն Գուրողլյանից, վերջինիս մորից ու տատից՝  Սոնա և Թամարա Գզրարյաններից բռնագանձել ապօրինի գույքը:

2022թ. ստեղծվեցին հակակոռուպցիոն դատարաններ: Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Օրենքի փոփոխության հիմքով գործը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարանի քննությանը:
Նշված հայցի շրջանակում ընդդեմ Վահրամ Գուրողլյանի և վերջինիս կնոջ՝ Սոնա Գզրարյանի ներկայացվել է պահանջ՝ բռնագանձել 8 անշարժ և 2 շարժական գույք՝ Mersedes-benz մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներ:

8 անշարժ գույքերից 7–ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, այդ թվում՝ Պարոնյան փողոցում և Հյուսիսային պողոտայում, իսկ մեկը՝ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, բռնագանձման ենթակա է նաև Ավստրիայի Հանրապետության Գրաց և Վիեննա քաղաքներում գտնվող գույքերի ձեռքբերման արժեքների ապօրինի մասերը (205 մլն 245 հազ.735 դրամ): Ամուսիններից պահանջում են բռնագանձել նաև 1 մլրդ 79 մլն 738 հազ. 603 դրամ գումար։

Վահրամ Գուրողլյանի որդու՝ Վազգեն Գուրողլյանի դեմ ներկայացվել է պահանջ՝  բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող 7 անշարժ գույք, ինչպես նաև 725 հազ. 272 դրամ և առևտրային բանկի թվով 60 հատ պարտատոմս։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։