Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սիրիայում ժողովուրդը շատ ծանր վիճակում է՝ հացի գումար չունեն, էլեկտրաէներգիա չկա, որ տաքանան, ցրտից մրսել՝ հիվանդացել են»․ Սալբի Քէլէշեան

«Սիրիայում ժողովուրդը շատ ծանր վիճակում է՝ հացի գումար չունեն, էլեկտրաէներգիա չկա, որ տաքանան, ցրտից մրսել՝ հիվանդացել են»․ Սալբի Քէլէշեան
Հասարակություն
18:11, 13 февраль 2023
Սիրիայի կառավարությունը բնակիչներին չի թույլատրում վերադառնալ երկրաշարժից վնասված տները, նույնիսկ չի թույլատրում մտնել տուն ու վերցնել իրենց իրերը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց սիրիահայ Սալբի Քէլէշեանը, որի քույրը նույնպես տուժել է Հալեպում տեղի ունեցած երկրաշարժից։  

Նրա խոսքով՝ Սիրիայում ժողովուրդը շատ ծանր վիճակում է՝ հացի գումար չունեն, էլեկտրաէներգիա չկա, որ տաքանան, օրական ընդամենը 2 ժամ հոսանք են ունենում, տաք հագուստի կարիք ունեն։  

«Մարդիկ եկեղեցիների սրահներում են մնում, այնտեղ ճաշ են բաժանում, վերմակներ են բաժանել։ Ցրտից մրսել՝ հիվանդացել են»,- հավելեց նա։ 

Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հալեպում կան շրջաններ, որտեղ դադարեցվել են փրկարարական աշխատանքները՝ գործիքների բացակայության պատճառով։ Նրա խոսքով՝ հայ փրկարարները դեռևս շարունակում են որոնողական աշխատանքները, ինչպես նաև Սիրիայի որոշ շրջաններում Իրանից փրկարարներ են եկել օգնության՝ իրենց հետ բերելով գործիքներ, ավտոմեքենաներ, և որ հատվածում ստույգ գիտեն, որ ողջ մարդ կա, այդ հատվածներում են փորձում ուժերը կենտրոնացնել։

«Հայ փրկարարների աշխատանքը ևս գովելի է, սակայն արդեն 6 օր անցել է երկրաշարժից, և այդքան մեծ չէ հույսը, որ ողջ մարդկանց հնարավոր է գտնել»,- ասաց նա։ 

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 1414 զոհ կա, թեև միջազգային լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում մի քանի հազար զոհի մասին։

Սելիմյանի խոսքով՝ մահացածներից 2-ն են ազգությամբ հայ, ինչպես նաև հայերի մեջ 8 վիրավոր կա։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ միջազգային  հանրությունից դեռևս ակնկալում են օգնություն. «Հայաստանը 30 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց և հանձնեց Կարմիր խաչին,  նաև հայ փրկարարներով եկավ, որ անոնք ալ օժանդակեն սիրիական իշխանությունների կողմին, որպեսզի կարողանան և մարդ փրկեն, և ողջերուն լուսաբանական դասախոսություններ տան՝ երկրաշարժու մեջ ինչպես պետք է վարվին, ինչ միջոցներ պետք է օգտագործեն և այլն»։ 

Սիրիայում երկրաշարժից տուժած ու անօթևան մնացած մարդիկ տեղավորվել են դպրոցներում, եկեղեցու սրահներում. «Սիրիայում դեռևս օգնության կարիք կա. ավելի կբազմանա կարիքը ոչ միայն ուտելիքի, հագնելիքի, այլ նաև հոգեբաններ ներկա ըլլան, որպեսզի ժողովրդի մեջ ստեղծված այս խոցելի իրականությունը կարենան դարմանել»,- նշեց Սելիմյանը։ 

Հարցին՝ հայերը մտադի՞ր են գալ Հայաստան, թե՞ Սիրիայում են ցանկանում շարունակել ապրել, մեր զրուցակիցն արձագանքեց. «Հիմա մենք այն ուղղության մեջ ենք, որ անոնք, որոնք մնացին անտուն և մոտիկ ապագային չունեն որևէ միջոց վերակառուցման, պետք է առաջարկենք իրենց Հայաստան տեղափոխվին, և այնտեղ մենք պիտի փորձինք թե բնակարանի կարգադրություն անել և թե իրենց աշխատանքի հնարավորությունը ստեղծել։ Այսինքն՝ հայ ավետարանչական ընկերակցությունը Հայաստանի մեջ պատրաստ է հյուրընկալելու և տեղավորելու»։

Նշենք, որ փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել են նաեւ հայկական դպրոցներն ու եկեղեցիները։  Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության՝ հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատություններին, որտեղ աշխատող շուրջ 1100 ուսուցիչները և տեխնիկական անձնակազմը կստանան ֆինանսական աջակցություն։ Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը, ուստի հատկացված ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի այդ հաստատությունների վերանորոգմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նարա Մարտիրոսյան