Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթար` փախցրած ավտոմեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը

Վթար` փախցրած ավտոմեքենայով. Արարատի ոստիկանների բացահայտումը
Հասարակություն / Իրավունք
22:10, 14 февраль 2023
Ոստիկանություն փետրվարի 13-ին, ժամը 20.15-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ հյուրերից մեկը ոչ սթափ վիճակում «Տոյոտա» մակնիշի իր մեքենայով հեռացել է, և ինքը տեղեկություն չունի, թե որ ուղղությամբ է մեքենան վարել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին: «Գրեթե նույն պահին Արարատի բաժնում հաղորդում ստացվեց Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից: Հայտնեցին, որ Զոդի կամրջի մոտ տեղի է ունեցել վթար: Վթարի վայր մեկնեցին բաժնի օպերատիվ խումբը, քննիչ և ճանապարհային ոստիկան:

Իրավապահները պարզեցին, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա տղամարդը փախցրած «Տոյոտայով» բախվել էր Սուրենավան գյուղի մի բնակչի վարած «ՎԱԶ-2104» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2104»-ի վարորդը և ուղևորը` 31 և 37 տարեկան երկու տղամարդ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: