Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան մահացու վրաերթի ենթարկած վարորդը

Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան մահացու վրաերթի ենթարկած վարորդը
Հասարակություն
12:48, 20 июль 2022
Հուլիսի 16-ին՝ ժամը 05:45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05:00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ օրեր առաջ 16-ամյա Ալվարդ Արզումանյանին վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: 

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ՝ 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: