Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 1,5 ամիս անց հայտնաբերվել է

Քաղաքացուն մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը 1,5 ամիս անց հայտնաբերվել է
Հասարակություն
12:34, 12 июль 2022
Մայիսի 31-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արմավիր» ՔԿՀ տանող ճանապարհին տղամարդու դիակ կա:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Էջմիածին քաղաքի 58-ամյա բնակիչ Մեխակ Թ-ի դիակը՝ մարմնական վնասվածքների հետքերով:

Դեպքի առթիվ հունիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված հետաքննությամբ տեղեկություններ են ստացվել, որ Մեխակ Թ-ին ոչ թե դիտավորությամբ կյանքից զրկել են, այլ իրականում՝ վրաերթի ենթարկել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 31-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, նրան վրաերթի է ենթարկել «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը և անօգնական թողնելով՝ հեռացել դեպքի վայրից:

Հուլիսի 11-ին «Ֆորդի» 28-ամյա վարորդը հանցավոր արարքի կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և, «Ֆորդ» մեքենայով հանդերձ, ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: