Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրենը համաձայն չէ ՊԵԿ-ի հաղորդագրության հետ, շեշտում է՝ առգրավված նյութը դեռևս հետաքննության պատշաճ մակարդակի չի հասել

«Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրենը համաձայն չէ ՊԵԿ-ի հաղորդագրության հետ, շեշտում է՝ առգրավված նյութը դեռևս հետաքննության պատշաճ մակարդակի չի հասել
Հասարակություն
13:04, 21 февраль 2023
«Երեկ «Նոր Զովք» ընկերության սուպերմարկետների բոլոր 29 մասնաճյուղերում միաժամանակ մտել են ՊԵԿ-ից, քննչական կոմիտեից օպերներ, քննիչներ, ինչպես նաև ուժային կառույցի այլ ներկայացուցիչներ ու խուզարկություն են կատարել։ Առգրավել են խանութներում առկա տեխնիկան, ինչը, մեր դիրքորոշմամբ, ապօրինի է՝ թե՛ խուզարկությունը, թե՛ գույքի բռնագրավումը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը ու հիշեցրեց, որ հերթական՝ 29-րդ մասնաճյուղը մոտ 15 օր առաջ են բացել։ 

«Բռնագրավել են համակարգիչներ, սերվերներ, կրիչներ, ՀԴՄ սարքեր։ Մասնավորապես ՀԴՄ սարքերի բռնագրավման իրավունքը չունեին։
Մենք պատրաստ էինք դիմավորել բոլորին, իրենց ասել ենք՝ կարող եք ցանկացած գործողություն կատարել՝ առանց խաթարելու սուպերմարկետների բնականոն աշխատանքը։ Ասել ենք՝ ցանկացած կրիչ բերեք, ցանկացած ինֆորմացիա վերցրեք սարքերից, բայց իրենք նույնիսկ պրինտեր են առգրավել։ Բռնագրավել են նույնիսկ մենեջերի անձնական հեռախոսը, մինչդեռ որոշման մեջ գրված էր, որ իրավունք ունեն վերցնելու «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող կրիչներ, մոնիտորներ և այլն, բայց ոչ անձնական օգտագործման հեռախոս։ Քննիչն ասում է՝ կվերցնենք, եկեք միջնորդություն գրեք՝ կբերենք կտանք, ու մինչ այս պահը չեն վերադարձրել»,- պատմեց ընկերության փոխտնօրենն ու հավելեց, որ տնտեսվարողը ստիպված է եղել խուզարկության արդյունքում դադարեցնել իր գործունեությունը։ 

«Որոշման մեջ չկար, որ պետք է փակեն մասնաճյուղերը։ Խուզարկության ժամանակ անջատել են բոլոր մասնաճյուղերի տեսախցիկները, երբ մեր աշխատակիցները փորձել են չթողնել՝ ուժ են կիրառել նրանց նկատմամբ։ Ինչի՞ համար են խուզարկություն անելուց տեսախցիկներն անջատում ու DVR-ները վերցնում։ Հիմա ծրագրային ցանցը խառնված է իրար, որոշ կասսաներ առգրավվել են, կան մասնաճյուղեր, որ չեն աշխատում, 5-ից ավելի մասնաճյուղ էլ անկանոն ձևով է աշխատում»,-ասաց Ռաֆայել Խաչատրյանն ու հիշատակեց, որ 2500 աշխատող ունեն, որոնք ժամանակին ստանում են իրենց աշխատավարձը, ինչպես նաև հարկերն են վճարվում ժամանակին: «Սակայն երեկվա դրությամբ լուրջ հարված հասցվեց ընկերությանը»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրեց  «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացվող հետախուզության մասին։ Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ օպերատիվ տվյալներ էին  ստացվել այն մասին, որ ընկերությունը, օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր։ Փաստեր ձեռք բերելու համար ՊԵԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2022 թ. հոկտեմբերի 25-ը հսկիչ գնումներ էր իրականացրել սուպերմարկետների ցանցից, և հաստատվել էր ստացված տեղեկատվությունը։

Մինչդեռ ՊԵԿ-ի այս հաղորդագրության հետ «Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրենը համաձայն չէ, մեզ հետ զրույցում շեշտեց, որ առգրավված նյութը դեռևս հետաքննության պատշաճ մակարդակի չի հասել նման հայտարարություն տարածելու համար։ 

Նշենք, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը Արամ Արամյանն է, որը «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Մեսրոպ քահանա Արամյանի եղբայրն է։ Թեպետ մամուլում տարածվում է տեղեկատվություն, որ Մեսրոպ քահանա Արամյանը ևս բաժնեմաս ունի սուպերմարկետների ցանցում, սակայն «Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրենը վստահորեն հերքեց դա։

Նարա Մարտիրոսյան