Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2022թ․ մայիս ՊՆ նախկին շենքում որևէ մեկը չի բնակվել․ աշնանը տելեգրամյան և տիկտոկյան հարթակներով տեսաուղերձներ տարածվեցին կոչերով՝ ովքեր բնակարան չունեն կարող են այնտեղ բնակվել․ ՊԵԿ աշխատակից․ տեսանյութ

Մինչև 2022թ․ մայիս ՊՆ նախկին շենքում որևէ մեկը չի բնակվել․ աշնանը տելեգրամյան և տիկտոկյան հարթակներով տեսաուղերձներ տարածվեցին կոչերով՝ ովքեր բնակարան չունեն կարող են այնտեղ բնակվել․ ՊԵԿ աշխատակից․ տեսանյութ
Հասարակություն
17:35, 28 февраль 2023
Վերջերս հանրային լայն քննարկման առիթ էր դարձել Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ ոստիկանության կողմից վտարման գործողությունները։ Քաղաքացիները պնդում էին՝ վաղուց այնտեղ են ապրում, այլ տեղ չունեն գնալու, խնդրում էին թույլատրել անժամկետ ապրել այդ շենքում։ 

Շենքը, սակայն, դեռևս նախորդ տարվա մայիսից կառավարության որոշմամբ հանվել էր ՊՆ հաշվեկշռից և տրամադրվել Պետեկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ին հանձնարարվել էր նաև կատարել գույքի տեխնիկական վիճակի հետազննություն։ Կառավարության որոշմամբ տարածքում պետք է շինաշխատանքներ կատարվեն։

«Սույն որոշման առաջին կետում նշված գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը, ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը»,- ասված է Կառավարության համապատասխան որոշման մեջ։ 

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը, իրենք ՊԵԿ-ից դեռ նախորդ տարվա օգոստոսին են գրություն ստացել, որ իրենց բալանսում գտնվող շենքում կան ապօրինի ներխուժած անձինք, և ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է շենքում ապրողներին՝ ազատել ապօրինաբար զբաղեցրած տարածքը։ «Մենք ներխուժումն ենք վերացրել, մարդիկ զգուշացված են եղել, դեռևս օգոստոս ամսին մարդկանց ժամկետ է տրվել՝ տարածքը լքելու համար, հետո հունվարին է ժամկետ տրվել։ Փետրվարի 12-ին լրացել է ժամկետը։ Մինչ այդ էլ բազմիցս զգուշացվել է, որ իրենք տվյալ տարածքում ապօրինի են գտնվում։ Այդ մասին զգուշացվել է թե՛ ՊԵԿ-ի կողմից, թե՛ մեր»,- ասել էր Գևորգ Ազիզյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել, որ քննարկվում է իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։ 

«Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողները տեղում են հիմա, որպեսզի կարողանան կարիքները գնահատել, հասկանան՝ ինչով կարող են աջակցել, ու այդ 8 ընտանիքի կարիքներն են ըստ անհրաժեշտության գնահատվել և կարիքի համապատասխան աջակցություն է առաջարկվել»,- տեղեկացրել էր խոսնակը:

Այսօր կրկին բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում, այս անգամ արդեն ՊԵԿ շենքի մոտ։ Չնայած, որ պետությունը խոստացել է բնակարանների վարձավճարների համար փոխհատուցում տրամադրել՝ 70 հազարից մինչև 120 հազար դրամի չափով, բնակիչները պնդում են՝ այդքան գումարով չեն կարող բնակարան վարձել։ 

Ինչպե՞ս և երբ են այս ընտանիքները բնակություն հաստատել ՊՆ նախկին շենքում։ Թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊԵԿ աշխատակից Գոռ Գևորգյանը։

«Համացանցում այս դեպքերի հետ կապված ներկայացվող ու մատուցված ինֆորմացիայի զգալի մասը աղավաղված է և իրականության հետ բնավ աղերս չունի, իսկ ես չեմ կարող անտարբեր անցնել այդ կեղծիքի կողքով։

Լինելով տվյալ խնդրին անմիջականորեն առնչված աշխատակից, հայտնում եմ․

«2022 թվականի հունիս ամսին ՀՀ կառավարության որոշման հիման վրա ՀՀ ՊԵԿ համապատասխան աշխատակիցների և ՀՀ ՊՆ համապատասխան աշխատակիցների միջև տեղի է ունենում վերոհիշյալ գույքի հանձնման-ընդունման գործընթացը, որից հետո շենքը իր հարակից շինություններով և 193 619 քմ մակերես ունեցող հողամասով ամրացվում է ՀՀ ՊԵԿ-ին։

ՊԵԿ-ը նախատեսում է տվյալ տարածքում կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն` այսուհետ ԱՏԳ և միաժամանակ նոր վարչական շենք, որտեղ կտեղակայեն ՊԵԿ-ի բոլոր ստորաբաժանումները։ ԱՏԳ կենտրոնը իրենից ներկայացնելու է գերժամանակակից մի կառույց, որտեղ բազմակի անգամ հեշտացված ռեժիմով իրականացվելու են մաքսային գործառույթներ՝ և ոչ միայն մաքսային։ Հատուկ նշեմ, որ ԱՏԳ կենտրոն Վրաստանում արդեն կա 8 հատ և՝ վաղուց։ ԱՏԳ կենտրոնի պահանջը ներկայումս հանդիսանում է տնտեսության անհրաժեշտ մասնիկ։ 

ՊԵԿ նոր վարչական շենքի հետ կապված հայտնում եմ, որ ներկայումս Երևան քաղաքի Խորենացի 3, 7 հասցեում գտնվող վարչական շենքում տեղակայված են ՊԵԿ-ի ստորաբաժանումների մի մասը, իսկ մնացած ստորաբաժանումները տեղակայված են Երևանի տարբեր վարչական շրջաններում`Էրեբունի, Արաբկիր, Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն և այլն։ Ընդ որում, այդ շենքերի զգալի մասը, որոնք գտնվում են վարչական շրջաններում, ՊԵԿ-ին պատկանում են վարձակալական հիմունքներով, և միայն Իսակովի պողոտայում գտնվող վարձակալական շենքի համար պետությունը տարեկան վճարում է 125 միլիոն ՀՀ դրամ։ Բացի ֆինանսական ոչ արդյունավետ տեսանկյունը՝ զուտ աշխատանքների կազմակերպչական տեսանկյունից ստորաբաժանումների տարբեր շենքերում տեղակայված լինելու հանգամանքը առաջացնում է լրացուցիչ աշխատանքային խոչընդոտներ։

Հիմա ավելի մանրամասն` սույն թվականի փետրվարի 16 ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժերը հեռացրեցին ՊՆ նախկին շենքում բնակվող ընտանիքներին։ Ընտանիքների մեծ մասը տեսախցիկների առաջ հայտնում էին, որ այդտեղ բնակվում են երկար տարիներ՝ ավելի քան 3 տարի, կամ 5 տարի։ Բայց իրականությունը ստորև․

«Երբ վերջնականապես ՊԵԿ-ին ամրացվեց գույքը, բազում անգամ ՊԵԿ աշխատակիցներն այցելեցին շենք, արձանագրվեց, որ շենքը ուղղակի քայքայված վիճակում է, թալանված ու շատ մասերում՝ քանդված։ Տվյալ ժամանակահատվածում, որևէ ընտանիք այդ տարածքում չի եղել, այլ ընդամենը տարածքում եղել են մի քանի երիտասարդներ, ովքեր հայտնել են, որ իրենք են այսպես ասած «տիրություն» անում, իրենք են տերերը, բայց կրկնում եմ՝ ընտանիք, կին կամ երեխա չի եղել շենքում, և շատ լրատվականների դրամատիկ հոդվածները, ընդամենը մտացածին, հնարովի, կեղծ նյութեր են։ Տարածքի մի մասը տվյալ երիտասարդների կողմից օգտագործվել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման արտադրամաս, տարբեր ընտանի կենդանիների պահման վայր և այլն։ Այնուհետև 2022 թվականի աշնանը տելեգրամյան, տիկտոկյան և այլ հարթակներով տարբեր տեսաուղերձներ են հայտնվել, որով կոչ է արվել՝  ովքեր բնակարան չունեն կարող են գնալ և ՊՆ նախկին շենքում բնակվել։ Տեսանյութերից մեկի հեղինակն էլ պնդում էր, թե տարածքը իրենց ախպոր տարածքն է և բոլորին օգնում են։ Այդ լուրը այնպիսի արագությամբ տարածվեց համացանցում, որ նույնիսկ ՊԵԿ-ի աշխատակիցներին էին զանգում իրենց ծանոթները ճշտում, թե ճի՞շտ է, որ ՊԵԿ-ը տուն չունեցողներին բնակարան է տալիս։ Եվ ցավալին այն է, որ ոչ մի լրատվամիջոց այդ տեսանյութերի մասին չի հիշատակում, բայց միանգամից հստակ հայտնում են, որ ընտանիքները բնակվում են տվյալ շենքում արդեն մի քանի տարի։ Դրանից հետո բազմիցս ոստիկանության կողմից եղել է պահանջ, և ժամանակ է տրվել, որպեսզի լքեն տարածքը, բայց տարածքում բնակվողները չեն լքել և արդեն փետրվարի 16-ին ոստիկանությունը մեծաթիվ ուժերով բնակվողներին հեռացրեց տարածքից։
Տպավորություն չստեղծվի, որ ես կամ ՊԵԿ-ի մնացյալ աշխատակիցները ուզում ենք, որ այդ մարդիկ դրսում մնան, հատկապես, երբ տեղում տեսնում ենք փոքր երեխաների։ Քավ լիցի, թող Աստված տա Հայաստանում ոչ մի ընտանիք բնակարանի խնդիր չունենա։ Ի դեպ՝ ընտանիքներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների կողմից առաջարկվել է բնակության վայրեր, բայց ընտանիքների մի մասը հրաժարվել է։ 

ՊԵԿ ը այս ծանր քայլին գնում է միմիայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ ՀՀ քաղաքացին պիտի գիտակցի, որ պետությունը ուղղակի չի կարող հանդուրժել այն փաստը, որ 300 հոգի զբաղեցնում է 193 000 քմ տարածք։ Իդեպ, սա էլ նշեմ, որ մինչ ՊՆ-ի շենքի ձեռքբերումը, ՊԵԿ-ը 2022 թվականի առաջին եռամսյակում դիտարկել է այլ տարածքներ, որոնք պատկանել են տարբեր ֆիզիկական անձանց։ Ներկայիս շուկայական գների պայմաններում երևանամերձ այդչափ տարածքները պետության վրա արժենանալու էր 5-6 միլիոն դոլլար, իսկ այդ պարագայում հաստատ հանրության լայն զանգվածը ու հատկապես մի շարք լրատվամիջոցներ գոռալու էին, թե լիքը պետական շենքեր կա ինչու՞ եք հարկատուների հաշվին 6 միլիոն դոլլար փող ծախսում։ Կմեղադրեին, որ հատուկ են արել, որ կոռուպցիա անեն, իրենց ծանոթների հողերը թանկով առնեն, հետո ատկատ վերցնեն և այլն։ 

Այսքանից պետք է եզրահանգել, որ ՊԵԿ-ը այս քայլին գնում է, որովհետև պարզապես չի կարող սեփական տարածքները նպատակային օգտագործելու փոխարեն ձեռք բերել մի քանի միլիոն արժեք ունեցող հողամասեր։ Ոստի պիտի ամեն մեկնաբանություն անելուց առաջ էս թեմայի հետ կապված, դիտարկել բոլոր տարրերը, և հետո նոր դրամատիզմ հաղորդել։

Վերջում հայտնեմ, որ ՊԵԿ ը անելու է անհնարինը, որպեսզի թե՛ ԱՏԳ կենտրոնը, թե՛ ՊԵԿ վարչական շենքը կառուցվի գերժամանակակից ճարտարապետական դիզայներական լուծումներով և արվելու է ամեն բան, որ տվյալ կառույցները հանդիսանան հանրապետության գեղեցկագույն կառույցներից մեկը։ Բացի դա վերոհիշյալ ծրագրի իրականացումը տնտեսական աշխուժություն կհաղորդի Կոտայքի մարզին և հատկապես Պռոշյան և Քասախ գյուղերին, ինչպես որ հիմա նման աշխուժություն է դիտվում Գյումրիում՝ ավտոմաքսատան կառուցումից հետո։ Հիշեցի, թե ինչպես էին ժամանակին էլի քննադատում ՊԵԿ-ին, որ ավտոմաքսատունը Նորագավիթից տեղափոխում էր Գյումրի։

Հ.Գ Շարադրված տեքստը բացառապես իմ կարծիքն է, իմ վերլուծությունն է և հիմնված է սեփական աղբյուրներից ստաված ինֆորմացիայի վրա։ Խնդրում եմ շենքի նկարներին նայել մանրամասն, հատկապես առաջին նկարին` Սպարապետի կաբինետին, որտեղ կարմիր շրջանակով նշված բան կա։

Նկարները արվել են ՊԵԿ ի աշխատակիցների կողմից գույքի հանձնման-ընդունման պահին»,-գրել է Գոռ Գևորգյանը։

Հիշեցնենք նաև, որ բնակիչները տեսախցիկների առջև պնդում էին՝ իրենց այնտեղ տարածք է տրամադրել ոմն Լեռնիկ Տեր-Պետոյան։

«Ինքը ասեց՝ եկեք սարքեք, մնացեք։ Ասեց՝ թույլտվություն կտանք։ Լիազոր մարդ է, այո՛, էս իր սեփականությունն է, պետությանը չէ։ Ինքն է հսկել այս տարածքը, ինքն է տեր կանգնել, պահել, որ գողություն չլինի»,-լրագրողների հետ զրույցում պնդում էին բնակիչները։ 

Թե ո՞վ է Լեռնիկ-Տեր-Պետոյանը, ի՞նչ իրավունքով կամ ինչի՞ դիմաց և ի՞նչ խոստումներով  է մարդկանց թույլ տվել ապօրինի կերպով զավթել պետությանը պատկանող շինությունը, շինարարություն անել և ապրել՝ անհայտ է։ Նաև հայտնի չէ՝ կապ ունի՞ Տեր-Պետոյանը վերը նշված տեսանյութի հետ, որտեղ մարդկանց կոչ է արվել գալ և բնակվել ՊՆ նախկին շենքում, թե՞ ոչ։

Նշված տեսանյութերից մեկի հեղինակը Տիկտոկ սոցիալական ցանցում Vaag7777 անունով հանդես եկող օգտատերն է։ Տեսանյութը տեղադրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին։


Վովա Հակոբյան