Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում կարմրուկի հաստատված դեպքերից 15-ը երեխաների շրջանում է. բարձր ջերմություն, հարբուխ, հազ, կոնյուկտիվիտ. ո՞ր ախտանշաններով կարելի է տարբերել վարակը

Հայաստանում վերջին երեք օրերի ընթացքում կարմրուկի հաստատված դեպքերը 20-ն են, որոնցից 15-ը՝ երեխաների շրջանում։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու հավելում, որ 19 անձ դեռ հոսպիտալացված է։ Նախարարի խոսքով՝ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2007թ.-ին, իսկ 2022թ.-ից սկսած մի շարք երկրներում կրկին ակտիվացել է վարակը. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է բալիկ, որից հետո հիվանդացել են այլ անձինք»։  

Թեպետ դեռևս խոսք չի գնում համավարակի մասին, բայց կարմրուկի տարածումը կանխարգելելու համար առողջապահության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է նախարարը. «Նախ շատ կարևոր են վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի հստակ պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը և վարակի շղթան հնարավորինս կոտրելու այս միջոցառումը»,- ասում է Անահիտ Ավանեսյանը։ 

Կարմրուկի տարածումը կանխարգելելու ամենագործուն միջոցը պատվաստումն է, չպատվաստված քաղաքացիները պետք է ստանան 2 դեղաչափ պատվաստում։  Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2 դեղաչափով պատվաստված քաղաքացիները հիմնականում չեն վարակվում կարմրուկով, և ներկայումս կարմրուկով վարակվածներից միայն մեկն է պատվաստված եղել, սակայն ստացել է պատվաստանյութի մեկ դեղաչափը: «Ազգային օրացույցով սահմանված է 2 պատվաստում։ Երկու դեղաչափով է իրականացվում պատվաստումը. առաջինը՝ 1 տարեկան երեխաներին, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում։ Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է»,- նշում է նախարարը։ 

Հայաստանի բնակչության 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ, և հիմա նախարարությունը 5 տոկոսի շրջանակն է ճշտում. պոլիկլինիկաների հետ առանձնացնում են չպատվաստված քաղաքացիների ցուցակները, որպեսզի անհատական աշխատանքների միջոցով կարողանան նրանց համոզել պատվաստվել։ Նախարարն ընդգծում է՝ չպատվաստվածները, վարակվելով, հնարավոր է վարակեն նաև այն խմբերին, որոնք չեն կարող պատվաստվել, օրինակ՝ հղիները, 1 տարեկանից ցածր երեխաները, ինչպես նաև խոցելի խումբ են համարվում իմունային անբավարարություն ունեցողները։   

Առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը շեշտում է՝ եթե հղին չի իմացել իր կարգավիճակի մասին և պատվաստվել է կարմրուկի դեմ՝ դա հիմք չէ ընդհատելու հղիությունը։ 

Ինֆեկցիոն հիվանդությունների գծով առողջապահության նախարարի խորհրդական Նարինա Սարգսյանցն էլ ներկայացնում է, թե որ ախտանշաններով կարելի է տարբերել կարմրուկն այլ վարակներից։ Նրա խոսքով՝  կարմրուկով վարակված մարդու մոտ մինչև մաշկի վրա ցանի ի հայտ գալը տեսանելի են լինում որոշ ախտանշաններ: «Հիվանդության սկիզբը սովորաբար լինում է սուր՝ բարձր ջերմություն, հարբուխ, հազ, կոնյուկտիվիտ՝ աչքերի լորձաթաղանթի բորբոքում»,- նշում է Նարինա Սարգսյանցը։  

Կարմրուկը կարող է առաջացնել որոշ բարդություններ՝ ուղեղի թաղանթի բորբոքում, իմուն համակարգի հիշողության կորուստ, այսինքն՝ օրգանիզմը տարբեր հիվանդությունների նկատմամբ դառնում է խոցելի, և վերականգնման ընթացքը կարող է տևել 3 տարի, ինչպես նաև թոքաբորբ և այլ բարդություններ։  

Նարա Մարտիրոսյան 

Մանրամասն՝ տեսանյութում