Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1990-ականներին կառուցված Մհեր Սեդրակյանի տան արժեքի 99,1 տոկոսը չի հիմնավորվում օրինական եկամուտներով. դատախազ

1990-ականներին կառուցված Մհեր Սեդրակյանի տան արժեքի 99,1 տոկոսը չի հիմնավորվում օրինական եկամուտներով. դատախազ
Հասարակություն
12:18, 29 март 2023
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք։

Մասնավորապես, Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2,3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն), ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք: Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8,6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար։
 
Դռնփակության պայմաններում միջնորդության քննարկումից հետո նիստը շարունակվեց դռնբաց պայմաններում, որի ժամանակ դատախազը, ներկայացնելով գույքերի ծավալը, որը ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է, ասաց, որ 1992 թվականի օգոստոսի 21-ին Մհեր Սեդրակյանին և այլ անձանց տրվել է Դավիթ-Բեկ թաղամասի  համապատասխանաբար 9, 10, 81, 80 և 79 հողակտորների անժամկետ հատկացմամբ բնակելի տան կառուցման իրավունք, 1995 թվականի ապրիլի 5-ին Մհեր Սեդրակյանին տրվել է նշված թաղամասի 9, 10, 79 և 80 հողակտորներում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվություն, դրանից բացի՝ կադաստրային ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ 1999 թվականին Դավթի-Բեկ 1 թաղամասի թիվ 9, 10, 79, 80, 81 հողակտորներում բնակելի տան նախագիծ է առկա, որի պատվիրատուն է հանդիսանում Մհեր Սեդրակյանը։   

«2000 թվականի նոյեմբերի 24-ին Դավիթ-Բեկ թաղամասի 9, 10, 79, 80, 81 հողամասերի վրա գրանցվել է բնակելի տուն, իսկ նոյեմբերի 28-ին վերը նշված անձինք այդ հողամասի իրենց իրավունքները նվիրատվության իրավունքով փոխանցել են Մհեր Սեդրակյանին, հետագայում նշված հասցեները միավորվել և ստացել են մեկ տան հասցե։ Նկատի ունենալով, որ շինարարական թույլտվությունը ստացել է Մհեր Սեդրակյանը, բնակելի տան կառուցումից անմիջապես հետո համասեփականատերերն իրենց պատկանող գույքը անհատույց փոխանցել են Մհեր Սեդրակյանին»,- ասաց դատախազը։

Վերջինս նշեց, որ նշյալն իրենց հիմք է տալիս ենթադրելու, որ տունը կառուցվել է Մհեր Սեդրակյանի միջոցների հաշվին: Նշված գույքի կադաստրային ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2000 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվել է 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Էրեբունի համայնքում հարկատուների սեփականության իրավունքով պատկանող հաշվառված և գնահատված անհատական բնակելի տների և առանձին կանգնած ավտոտնակների գնահատման հաշվարկ, որի համաձայն՝ նշված թաղամասի նշված հողամասերում կառուցված բնակելի տան արժեքը գնահատվել է 48 միլիոն 534 հազար դրամ։  

Ներկայացնելով նաև 2000 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ Մհեր Սեդրակյանի օրինական եկամուտները՝ դատախազն ասաց, որ նրա բնակելի տան կառուցման արժեքի մնացած մասը, այսինքն՝ 99,1 տոկոսը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։