Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հայաստանից հեռացած նախկին գլխավոր դատախազի՝ ավելի քան 800 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հայաստանից հեռացած  նախկին գլխավոր դատախազի՝ ավելի քան 800 մլն դրամի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը
Հասարակություն / Իրավունք
20:40, 05 апрель 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի քննությունը։ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող 2 առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է մոտ 364 մլն դրամ։

Կբռնագանձվի նաև մոտ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ու մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

 Նշենք, որ Դատախազությունը հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով փաստեր կեղծելու մեղադրանքով ներգրավվել էր որպես մեղադրյալ 2019-ի նոյեմբերի 24-ին:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել
կալանավորումը։

 2021 թվականի ապրիլին Սահմանադրական դատարանի որոշման համաձայն գործի վարույթը կարճվեց։