Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջողվել է որոշակիորեն վերականգնել Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից

Հաջողվել է որոշակիորեն վերականգնել Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից
Հասարակություն
20:06, 25 апрель 2023
Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից․ տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:

Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ: 

Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով: