Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը։

Նախարարը նշեց, որ նորընտիր ռեկտորը արվեստագիտության թեկնածու է, դոցենտ, ինչպես նաև ունի մեծ փորձառություն և՛ արտերկրի բուհերի հետ համագործակցության մեջ, և՛ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։   

«Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը և դասավանդման մեթոդները՝ փորձելու եմ թարմացնել մասնագիտական գրականության բազան և համալրել գրադարանը, ինչպես նաև մեծ կարևորություն եմ տալիս բուհի միջազգայնացմանը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային պրոցեսներից»,- ասաց Սառա Նալբանդյանն ու ընդգծեց, որ դեռևս պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնելու տարիներին կապեր է հաստատել միջազգային բուհերի ու կառույցների հետ և հիմա փորձելու է ստանալ իրենց ծրագրերը. «Շատ կարևոր կլինի նաև փոխանակությունը՝ դասախոսական կազմի, ուսանողության փոխանակման ծրագրերը։ Բուհն այս պահին ունի մեկ ծրագիր՝ «Էրազմուս պլյուսը», կան հնարավորություններ այդ ծրագրերի շրջանակն ընդլայնելու, և իհարկե պետք է կազմակերպվեն թրեյնինգներ տեղի մասնագետների համար միջազգային մասնագետների կողմից, որպեսզի պատրաստենք մասնագետներ, ովքեր կկարողանան ժամանակակից մեթոդների կիրառմամբ աշխատել ուսանողների հետ»։   

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սառա Նալբանդյանից հետաքրքրվեց, թե քանի ուսանող ունի բուհը, ինչին ի պատասխան նորընտիր ռեկտորն արձագանքեց. «Բուհը փոքր բուհ է՝ մոտ 600 ուսանող ունենք և ունենք 2 ֆիլիալ, մեկը՝ Վանաձորում, մյուսը՝ Գյումրիում»։

Մանրամասն՝ տեսանյութում