Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է
Գիտություն / Մշակույթ
21:21, 03 май 2023
Կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելուն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Կառավարության պաշտոնական կայքից։

Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 20-ին տեղի է ունեցել  հիշյալ  ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին  մասնակցել է 2 թեկնածու՝ Սառա Նալբանդյանն ու Հասմիկ Իսրայելյանը։ Մրցույթն ընթացել է  «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի   կանոնադրության և  խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն, նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 19-ը: Գաղտնի քվեարկության արդյունքներով թեկնածուներից մեկը՝ Սառա Նալբանդյանը, ստացել է  14 կողմ, մյուսը՝ Հասմիկ Իսրայելյանը,  4  կողմ ձայն,   (բոլորին դեմ է քվեարկել  1 հոգի):

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Աշոտի Նալբանդյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
 
Նշենք, որ Սառա Նալբանդյանն արվեստագիտության թեկնածու, թատերագետ-կինոգետ, դրամատուրգ-սցենարիստ է: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը: 2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2003թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում:
 
2010-2011 թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011 թվականից առ այսօր՝ Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ: Եղել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական փառատոնի գեղարվեստական համակարգողը, Երևանում իտալական կինոյի շաբաթների համակարգողն ու փորձագետը:

2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի և 2010 թվականից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2020 թվականից՝ «Թատերակետեր» թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի անդամ:
 
Հավելենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տևական ժամանակ է՝ ռեկտոր չուներ: Նախկին ռեկտորը Լիլիթ Արզումանյանն էր։