Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարվանից ճանապարհների ամբողջ սպասարկումը հանձնել Ճանշին ընկերություններին

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց. «Անցած շաբաթ հանդիպում ենք ունեցել Ճանշին ընկերությունների հետ՝ ընդհանուր Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը քննարկելու համար: Նշեմ որ ներառված են սպասարկման մեջ ճանապարհների փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի նյուջերսիների փոփոխության աշխատանքները ամբողջական: Որոշակի առաջարկներ են արվել հիմնականում, որ ճանապարհների սպասարկման ընթացքում ենթակառուցվածքների շրջանակներում կատարվող կտրվածքների վրա հսկողություն իրենք անցկացնեն. դա արդեն կքննարկենք, պարոն Ավինյան»։ 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարց տվեց՝ «այսինքն՝ մենք պլանավորում ենք հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման հանձնել Ճանշիններին և չե՞նք անելու փոսալցման աշխատանքներ, թե՞ անելու ենք»։

Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չեն լինելու։ «Դրանք լինելու են փաթեթով և ամսական կատարողականով։ Ու, օրինակ, 2 կամ 3 տարով ճանապարհների ամբողջ սպասարկողը և պատասխանատուն դառնում է Ճանշին ընկերությունը»։

«Ֆիքսելու ենք, որ փոսը եթե փորվեց՝ նույն օրը պետք է լցվի»,- ասաց Ավինյանը, ինչին ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Այո, դրանք բոլորը քննարկվում են ու պայմանագրի մեջ տեղ են ունենալու»։