Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետի ոսկե մեդալ՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար

Քաղաքապետի ոսկե մեդալ՝  Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար
Հասարակություն
14:54, 09 июнь 2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար  Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են  պարգևատրվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, նույն թատրոնի բալետի առաջատար արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում զետեղված համապատասխան որոշումից:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին նշվեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Աշխարհահռչակ երգահանի տարեդարձին ընդառաջ ձևավորված կառավարական հանձնաժողովը կազմակերպել է մի շարք տոնական միջոցառումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նշենք, որ միջոցառումներում ընդգրկված են բոլոր առաջատար ստեղծագործական խմբերը և նվագախմբերը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պետական սիմֆոնիկ նվագախումբը, Պետական կամերային նվագախումբը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Պետական ֆիլհարմոնիան և բազմաթիվ այլ կառույցներ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգաշարը սկսել է դեռ այս տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից։

Երեք օր շարունակ՝ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին, Թումանյանի այգում Հայաստանի հանդիսատեսին մատուցվեցին  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երեք բեմադրությունները՝ «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ»։ Բացօթյա բալետի մուտքն անվճար էր։ Տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում։