Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում՝ 65.000- 85.000 դրամ. գործադիրը սահմանել է ծառայության վայրում բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը

Երևանում՝ 65.000- 85.000 դրամ. գործադիրը սահմանել է ծառայության վայրում բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը
Հասարակություն
12:00, 19 июль 2023
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է սահմանել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը, ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ամսական դրամական հատուցման իրավունքի ծագման պայմանները, ամսական դրամական հատուցման վճարման համար անհրաժեշտ փաստաթղթերը և վճարման կարգը, ամսական դրամական հատուցման վճարումը և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարելու հիմքերը։ Առաջարկվող կարգավորման մասին Civic.am-ը տեղեկացավ Կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգից։ 

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (13.04.2023թ.) oրենքով  կատարված փոփոխությունների համաձայն՝ ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալու հիման վրա պայմանագրային զինծառայողը ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց վճարվող դրամական փոխհատուցման համակարգը փոխարինվել է նույն պայմանների առկայության դեպքում ամսական դրամական հատուցում վճարելու համակարգով՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդհանուր առմամբ նույնական են պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման վճարման կարգը սահմանող ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հետ, որը նաև ուժը կորցրած է ճանաչվում: Կից ներկայացված նախագծով  ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահով¬վելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրա¬մական հատուցման չափերը սահմանված են հետևյալ կերպ՝
  1. Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85.000 դրամ.
  2. այլ քաղաքներում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50.000 դրամ.
  3. այլ բնակավայրերում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20.000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25.000 դրամ:
Սույն որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2023 թվականի օգոստոսի 1-ից: