Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ի պայթյունից մեկ տարի անց գործով առանձնացված վարույթ կա, որով մեղադրանքներ են առաջադրվել առևտրի կենտրոնի տնօրենին, փոխտնօրենին և 3 տնտեսվարողի․ վերջիններս, սակայն, գտնվում են ազատության մեջ

«Սուրմալու»-ի պայթյունից մեկ տարի անց գործով առանձնացված վարույթ կա, որով մեղադրանքներ են առաջադրվել առևտրի կենտրոնի տնօրենին, փոխտնօրենին և 3 տնտեսվարողի․ վերջիններս, սակայն, գտնվում են ազատության մեջ
Հասարակություն / Իրավունք
20:15, 14 август 2023
 
15 անձի մահվան և մեկ անձի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից անցել է մեկ տարի։ Երեկ գիշերը Գյումրի-Երևան ճանապարհի խոշոր և ողբերգական վթարը զուգադիպեց «Սուրմալու»-ի պայթյունի տարելիցի հետ։

 Այդ դեպքից հետո Դատախազությունը քրեական գործ էր հարուցել։ Այժմ այդ  վարույթից 3 մեղադրյալների մասով առանձնացվել է քրեական վարույթ: Հայտնի է դարձել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, իսկ մյուս երկու մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:
Գործով մեղադրյալ են ճանաչվել առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, փոխտնօրեն՝ Վարդան Մանուկյանն ու 3 տնտեսվարող՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանն ու Մհեր Մարգարյանը։
 
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշերով (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք: Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

 Տնտեսվարողների նկատմամբ հարուցվել է հետապնդում՝   ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը, ինչը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը կատարվել է  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Չնայած մեղադրյալների նկատմամբ հարուցված՝ գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ մեղադրանքներին՝ մեղադրյալներից որևէ մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրված չէ:

 Դատախազության փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական, դատաապրանքագիտական, էլեկտրատեխնիկական և մի շարք այլ փորձաքննություններ, որոնց միջոցով պարզվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասները, գույքային վնասի չափերը, մարմնական վնասվածքների ծանրության աստիճանները, հրդեհի և հետագայում պայթյունի առաջացման պատճառներն ու մեխանիզմը, ինչպես նաև առաջացած մահերի դեպքերի հանգամանքները:
 
«Նախաքննության վաղ փուլում Երևան քաղաքի դատախազի կողմից երկու միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկայի և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որով առաջարկվել է ստուգումների միջոցով պարզել ինչպես «Սուրմալու», այդպես էլ այլ առևտրի կենտրոններում հրագործական արտադրանքների պահման հավանականությունը և ձեռնարկել դրանից բխող գործողությունները: 
 
2022 թվականի սեպտեմբերի 21-ին նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման դեպքի վերաբերյալ քրեական վարույթը միացվել է թիվ 59104422 քրեական վարույթին, և նախաքննությունը շարունակվում է», - այս մասին Civic.am-ին հայտնեցին դատախազությունից:
 
Վովա Հակոբյան