Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը․ լուսանկարներ

Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը․ լուսանկարներ
Մշակույթ
23:20, 24 октябрь 2023
Հոկտեմբերի 16-ին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում, ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, բացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությունը՝ «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով  Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագրի ներքո:

Ներկայացվեցին հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց  հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:

Իր խոսքում դեսպանն ընդգծեց հայկական ավանդական տարազների և գորգերի ուրույն տեղը հայկական  հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր գնահատեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը՝ որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների և ձեռներեցության հաջող համադրման օրինակ:

Իր խոսքում դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ ընդգծելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ: