Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է «Անահիտ դիցուհու» կիսանդրին

Առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է «Անահիտ դիցուհու» կիսանդրին
Մշակույթ
12:23, 31 январь 2024
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» կիսանդրին․ այս մասին տեղեկացում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։

Անահիտ աստվածուհու կիսանդրին հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք է, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում։ Թվագրվում է մ․թ․ա․ 2-4-րդ դարերին։ 1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։

Այն պահվում է «Հունական և հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի։ Արձանի  ծագման շուրջ վեճը մինչ օրս շարունակվում է, քանի որ որոշ մասնագետներ կիսանդրին վերագրում են նույնիսկ Վեներային։ Թանգարանային նմուշի վերաբերյալ դիտարկումներով 1890 թվականին հանդես է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում՝ պնդելով, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն։

Բազմաթիվ գիտնականների համար ընդունելի է այս տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտածոյի հայտնաբերման վայրի մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզա (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։