Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրիտանական թանգարանում ներկայացվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության և «Էրեբունի» թանգարաններից

Բրիտանական թանգարանում ներկայացվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության և «Էրեբունի» թանգարաններից
Մշակույթ
19:30, 05 май 2023
Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
 
Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V դդ․), Էրեբունուց հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
 

 
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
 
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գիտության և մշակույթի գործիչներ, որոնց համար հատուկ բացատրություն է անցկացրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ջեյմս Ֆրեյզերը։ Նա նշել է, որ այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ:
 

 
Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։
 
Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի առանձին հանդիպումը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ:
 
Հանդիպումը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ներկայությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները, և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակութային գործակցության ուղղությամբ։
 
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը: