Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում. Մաշա Մնջոյան՝ Գրան Պրի մրցանակակիր

Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում. Մաշա Մնջոյան՝ Գրան Պրի մրցանակակիր
Մշակույթ
12:15, 17 июль 2023
Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացավ «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը, որը մրցութային երկու օրերին իր կատարողականությամբ ու բեմական կեցվածքով փայլեց հեղինակավոր մրցույթի բեմում։

Առաջին մրցութային օրը Մաշան կատարեց Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկու խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարեց Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակեց 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանացավ Գրան Պրի մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։

«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-14-ը կայացած «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը 133 միավորով զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: