Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու է ԿԳՄՍՆ-ն առաջարկում «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»

Ինչու է ԿԳՄՍՆ-ն առաջարկում «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»
Գիտություն
16:12, 22 январь 2024
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն»  առարկան։

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա  անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրի մեջ։

Նախարարությունը նշել է նաև, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։

«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։
Կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում»,-նշվում է հիմնավորման մեջ: