Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսանողական խորհուրդների փոխարեն՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ․ ի՞նչ է ասվում նոր օրենքում. «Ռեստարտ»

Ուսանողական խորհուրդների փոխարեն՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ․ ի՞նչ է ասվում նոր օրենքում. «Ռեստարտ»
Գիտություն
19:40, 29 март 2021
Ռեստարտ գիտակրթական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.



Ռեստարտ ուսանողական քաղաքացիական նախաձեռնությունը /ներկայում՝ Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ/ 2018 թվականի հունվարից  ի վեր անդրադարձել է ուսանողական ինքնակառավարման հիմնական խնդիրներին՝ առաջ քաշելով այնպիսի առաջարկներ, որոնց անկյունաքարային դրույթները տեղ են գտել ս․թ․ մարտի 24-ին ընդունված «ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» նոր օրենքում։ 

Մինչ նոր օրենքի ընդունումը ՀՀ պետական բուհերում ուսանողների անունից հնարավորություն ուներ հանդես գալու միայն 1 կառույց, այն է՝ Ուսանողական խորհուրդը։ Այդպիսով, միայն ուսանողական խորհուրդներին էր արտոնված ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանության իրականացումը, բուհի բոլոր ուսանողների անունից հանդես գալու հնարավորությունը, բուհի բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների տնօրինումը /ֆինանսական և գույքային միջոցներ որոշ դեպքերում հատկացվել է նաև ՈՒԳ-ներին, որոնց առաքելությունն է ուսանողների գիտահետազոտական պոտենցիալի զարգացումը/, բուհի գույքի անհատույց շահագործման հնարավորությունը, բուհի բարձրագույն կառավարման մարմիններում ուսանող անդամներին ընտրել/նշանակելը և այլն։ Այսպիսով, ուսանողական խորհուրդները հանդիսացել են ուսանողների քաղաքացիական ակտիվության և ուսանողական ժամանցի իրացման միակ ինստիտուցիոնալ հարթակը՝ օժտված եզակի լիազորություններով և հնարավորություններով։ 

Ուսանողական ինքնակառավարման այս միակենտրոն համակարգը տարբեր տարիներին գործել է տարբեր արդյունավետության ցուցանիշներով։ Ուսանողական խորհուրդների անկախությունը և ինքնավարությունը ժամանակ առ ժամանակ դրվել է հարցականի տակ, իսկ վերջիններիս կուսակցականացման գործընթացը հզոր թափ է հավաքել 2000-ականներին։ Այդ ժամանակներից ի վեր ուսանողական խորհուրդները առավել սերտ հարաբերություններ են ունեցել   համալսարանական ղեկավարության քան ուսանողների հետ։ Այդպիսով,  մեկնարկել է «ուսանողական խորհուրդ» - «ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանություն» երևույթների մեկուսացումը միմյանցից՝ ընհուպ մինչև հակադրում։ Ուսանողական խորհուրդների օրակարգից և առաքելությունից հիմնականում դուրս են մնացել շահերի պաշտպանության, քաղաքացիական ակտիվության բաղադրիչները, և ուսանողական խորհուրդները փոխակերպվել են՝ դառնալով ժամանցի կազմակերպման և քաղաքական կարիերայի կերտման միավորումներ։ Նշված համակարգը բավականին երկար է գործել այլընտրանքներ ստեղծելու հնարավորության բացակայության պատճառով։ Բուհի ներսում ուսանողական խորհուրդը ուսանողների շահերը ներկայացնող և պաշտպանող միակ կառույցն էր, և ակտիվ կամ ոտնահարված իրավունքներով ուսանողները չունեին ինստիտուցիոնալ մեխանիզմներ որոշումների կայացման վրա ազդելու կամ  ինքնավար այլ միավորման անդամակցելու համար։ Այլընտրանքի բացակայության պատճառով է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ուսանողական տարիներին նախընտրել են ունենալ քաղաքացիական առավել պասիվ  կեցվածք։ Առկա բացը խորացրել է հասարակությունում հեգեմոն կարծրատիպերը հանրային գործըն թաներին մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու համատեքստում, մինչդեռ բուհերը հանդիսանում են ոչ միայն մասնագիտություն տրամադրող կառույցներ, այլ նաև ունեն քաղաքացի «դաստիարակելու», երիտասարդներին քաղաքացիական կյանքին ինտեգրելու առաքելություն։ Մյուս կողմից միատարր և միակենտրոն ուսանողական ինքնակառավարման համակարգը բավականին ձեռնտու է եղել օրվա իշխանություններին, քանի որ հեշտացրել է ուսանողական մարմինների կուսակցականցման գործընթացը։ 

Նկարագրված ուսանողական ինքնակառավարման մոդելը այնքան է ձևախեղել ուսանողական ինքնակառավարում հասկացությունը, որ հեղափոխությունից անմիջապես հետո ուսանողական բազմաթիվ նոր խմբեր ցանկանում էիր զբաղեցնել մինչև հեղափոխությունը գործող ուսանողական խորհուրդների դիրքը՝ չպատկերացնելով մթնոլորտի առողջացմանը նպաստող ուղիները։ Հետևաբար, հետհեղափոխական շրջանում և՛ս ուսանողական ինքնակառավարման առողջ, մրցակցային և բովանդակային մթնոլորտ չի ձևավորվել։ 

Վերը նշված խնդիրները հաշվի առնելով՝ Ռեստարտ նախաձեռնության անդամները ուսանողների,  համալսարանական ղեկավարությունների և ոլորտի պատասխանատուների հետ շարունակական բանակցություններ և քննարկումներ են իրականացրել, ինչի արդյունքում առաջարկել ենք հետևյալը․
1. օրենքով սահմանել հավասար հնարավորություններ մի քանի ուսանողական խմբերի համար մեկի փոխարեն՝ վերացնելով միակենտրոն և արտոնյալ ուսանողական խորհուրդների հասկացությունը,

2. ստեղծել գույքի և ֆինանսների հատկացման արդար հնարավորություններ մեկի փոխարեն բոլոր խմբերի համար,

3. օրենքով սահմանել պետական բուհերում գործող ուսանողական կառույցների գլխավոր առաքելությունը և գործունեության սկզբունքները՝ համապատասխանեցնելով ժողովրդավարական արժեքներին,

4. վերացնել օրենքում այն դրույթը, որը ուսանողական միայն 1 կառույցի է արտոնում համալսարանի բաձրագույն կառավարման մարմիններում առաջադրել ուսանողների։ 

Այսպես ուրեմն, տեղեկացնում ենք, որ մեր կողմից առաջարկված բոլոր դրույթները 3 տարիների համառ պայքարի արդյունքում իրականություն են դարձել։ Նոր օրենքի՝ 6-րդ գլխի հոդված 36-ը սահմանում է պետական բուհերում ուսանողական ինքնակառավարման նոր ձևաչափ, ինչը թույլ է տալիս գործող կառույցներին զուգահեռ հավասար հիմունքներով ստեղծել ուսանողական միավորումներ և օգտվել բուհի կողմից ուսանողներին հատկացվող նյութական միջոցներից։ Օրենքը նաև սահմանում է՝ ուսանողական միավորումները կարող են հավելյալ ֆինանսական միջոցներ հայթհայթել այլ՝ օրենքներով չարգելված եղանակներով։ 

Եղե՛ք ուշադիր, նշված օրենքում /հոդված 36, 14 կետ/ ուսանողական միավորումներին հատկացվող նյութական միջոցների վերաբերյալ ասվում է․ Ուսանողական խորհրդի ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է բուհի կառավարման խորհուրդը։ Հետևաբար, նյութական միջոցների բաշխման գործընթացի արդարության սկզբունքը պահպանելու համար պետք է պահանջատեր լինել բուհերի ղեկավարության նկատմամբ։ 

Հ․Գ․ Նոր օրենքը նաև կրճատել է ուսանող անդամների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում, ինչի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։ 
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ մասնավորապես Eurasia Partnership Foundation-Armenia- ին այս պայքարի ուղին մեզ հետ հավասարապես կիսելու համար։
Հարգանքով՝