Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը ավելի քան 358 մլն դրամ հատկացրեց՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների մասնակցության ապահովման, միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման համար

Կառավարությունը ավելի քան 358 մլն դրամ հատկացրեց՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների մասնակցության ապահովման, միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման համար
Սպորտ
12:21, 08 июнь 2023
 
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն ավելացնել 358 մլն 353 հազար դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Որոշման ընդունումը բխումէ թվով 11 ՀՀ մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից` 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, ինչպես նաև միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար: 

Ըստ հիմնավորման՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Բացի այդ, ֆեդերացիները կմասնակցեն միջազգային մրցաշարերին, ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանի խոսքով՝ որոշման ընդունման դեպքում ակնկալվում են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալների նվաճում, վարկանիշների ձեռք բերում, մարզական արդյունքների աճ: «Ինչպես գիտեք, 2022 թվականին ֆեդերացիաներին հատկացվեց լրացուցիչ 200 մլն դրամ, որով հնարավորություն տրվեց մարզիկներին մասնակցելու ավելի մեծ թվով հավաքների և մրցաշարերի, և արդյունքներն եղան ուղղակի աննախադեպ:

Նվաճեցինք 307 մեդալ նախորդ տարվա 199 մեդալի փոխարեն, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ թիվը 30 տոկոսով բարձր է երբևէ ունեցած մեր ամենաբարձր ցուցանիշից: Նկատի ունենք նաև, որ 2023 թվականը նախաօլիմիպիական տարի է, և կարևոր են աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, որտեղ խաղարկվելու են Փարիզ -2024 օլիմիպիական խաղերի վարկանիշները, որը նույնպես առաջ է բերում ավելի մեծ թվով հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցելու անհրաժեշտությունը»,-նշել է փոխնախարարը: