Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թալիբները մտադիր են 12 հոգանոց կառավարման խորհուրդ ձևավորել

Թալիբները մտադիր են 12 հոգանոց կառավարման խորհուրդ ձևավորել
Աշխարհ
10:16, 24 август 2021
«Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը սկսել է խորհուրդ ձևավորել, որը կղեկավարի Աֆղանստանը։ Նախնական տվյալներով՝ դրա կազմում կլինի 12 մարդ։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով թալիբանական աղբյուրին։

Նշվում է, որ խորհրդի առավել ազդեցիկ 3 անձինք կլինեն «Թալիբանի» քաղաքական թևի առաջնորդ Աբդուլ Գանի Բարադարը, շարժման ռազմական հանձնաժողովի ղեկավար Մոուլավի Յակուբը, ով հանդիսանում է շարժման հիմնադիր մոլլա Օմարի որդին, ինչպես նաև դաշտային հրամանատար և «Հաքքանիի ցանց» դիվերսիոն խմբավորման պարագլուխ Սիրաջուդին Հաքքանին։

Բացի այդ, թալիբները մտադիր են խորհրդի կազմում ներառել նախորդ կառավարության մի քանի անդամի՝ առաջարկելով նրանց ընտրել նախարարական պաշտոններ։ Ըստ պարբերականի՝ նրանք նման քայլի են գնում միջազգային հանրության աչքում նոր կառավարության լեգիտիմությունը բարձրացնելու նպատակով։

Թալիբները ցանկանում են իրենց իշխող խորհրդի կազմում տեսնել նաև Ահմադ Մասուդին, ով հաստատվել է Փանջշեր նահանգում և ղեկավարում է դիմակայության ուժերը։