Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքը որոշել է Հայաստանին ու Ադրբեջանին «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն․ Լավրով

Արևմուտքը որոշել է Հայաստանին ու Ադրբեջանին «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն․ Լավրով
Աշխարհ
23:08, 24 январь 2024
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, և ինչպես են համաձայնեցվել մի քանի եռակողմ փաստաթղթեր հայ-ադրբեջանական-ռուսական ամենաբարձր մակարդակով, որոնք սահմանում են կարգավորման հիմնական պարամետրերը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, առևտրի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը»,- նշել է նա։

«Վերջերս մենք տեսանք, թե ինչպես այդ պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ տեղ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել այս ուղղությամբ, և նրանք սկսեցին հրապուրել հայերին և ադրբեջանցիներին Բրյուսել, հետո Փարիզ, հետո Վաշինգտոն, ապա Պրահա»,- հավելել է նախարարը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականին Պրահայում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, որում ասվում էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով։ «Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչպես այն ժամանակ կոչվում էր Ղարաբաղը, հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, ինչը մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ էին քննարկվել, և Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումներին, թե այդ Հայաստանն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ոչ թե Մոսկվան, Նիկոլ Փաշինյանն ասել է. - «2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են։ Այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։


 Անահիտ Խաչատրյան