Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն առաջարկում է իր տրանսպորտային միջանցքն օգտագործել ՌԴ հացահատիկի արտահանման համար

Իրանն առաջարկում է իր տրանսպորտային միջանցքն օգտագործել ՌԴ հացահատիկի արտահանման համար
Տարածաշրջան
10:57, 12 октябрь 2023
Թեհրանը Մոսկվային առաջարկում է իրանական տարածքն օգտագործել որպես անվտանգ միջանցք երրորդ երկրներ ռուսական հացահատիկի արտահանման համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների՝ տնտեսական քաղաքականության հարցերով փոխնախարար Սեյեդ Ալի Ռոուհանին։

«Բանն այն է, որ Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները հոգալու համար, այլև իր տարածքը տրամադրել որպես միջանցք երրորդ երկրներ ռուսական հացահատիկի արտահանման համար։ Ռուսական կողմը կարող է հույսը դնել Իրանի վրա՝ որպես հուսալի և երկարաժամկետ գործընկերոջ»,- ասել է Ռոուհանին։

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ Մոսկվան այս հնարավորությունը դեռ չի օգտագործել։ Իրանցի պաշտոնյայի գնահատականով՝ Ուկրաինայում հակամարտությունը և Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցները գործնականում իրանական երթուղին դարձրել են «անվտանգ և այլընտրանքային ճանապարհ ռուսական հացահատիկի արտահանման համար»։

Ռոուհանին ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը «փոքր-ինչ դանդաղ» են աշխատում այդ ուղղությամբ։