Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևի ներկայացուցիչը՝ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման մասին

Ալիևի ներկայացուցիչը՝ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման մասին
Տարածաշրջան
12:28, 08 май 2024
 Գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը խոսել է Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման մասին: Ամիրբեկովը հիշեցրել է, որ Հայաստանը՝ որպես COP բյուրոյի անդամ, համաձայնել է, որ Ադրբեջանը հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, և հավելել, որ այդ քայլը «վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է»:  

Նրա խոսքով՝ բարենպաստ միտում է նաև երկրների միջև զինծառայողների փոխանակումը, որը նույնպես նպաստում է Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։ «Մենք պայմանավորվել ենք 32 հայ զինծառայողներին երկու ադրբեջանցիների հետ փոխանակմանը։

Միևնույն ժամանակ Հայաստանը դարձել է COP բյուրոյի անդամ և իր հերթին համաձայնել, որ այս տարի Ադրբեջանում անցկացվի COP29 կլիմայական համաժողովը։ Սա վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել»,- ասել է Ամիրբեկովը: Նա դարձյալ անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի բացմանը և նշել, որ դա կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից։

Ամիրբեկովի խոսքով՝ այս կերպ Հայաստանը նույնպես կկարողանար հաղթահարել իր մեկուսացումը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ «Մենք կարող ենք ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանի միջով, և այն ընդամենը տասը կիլոմետր երկար կլինի»,- ասել է նա: