Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն հուսով է Երևանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել. Ինչու է Ալիևի ներկայացուցիչը դիմել ԵՄ երկրներին

Բաքուն հուսով է Երևանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել. Ինչու է Ալիևի ներկայացուցիչը դիմել ԵՄ երկրներին
Քաղաքականություն
14:32, 03 январь 2024
Բաքուն հուսով է մոտ ապագայում Երևանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Էստոնիայի հանրային հեռուստատեսությանը (ERR) տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Բանակցությունների հիմնական ուղղությունը խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է»,- ասել է նա։

Բացի հիմնական գծից, կան ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև դելիմիտացիա՝ սահմանի դեմարկացիայից հետո, նշել է Ամիրբեկովը:

Նրա խոսոքով՝ Եվրոպան կշահի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման դեպքում։ Ամիրբեկովը հավելել է՝ եթե եվրոպական երկրները չեն կարող օգնել դրանում, ապա Ադրբեջանն ակնկալում է, որ նրանք գոնե դրան չեն խոչընդոտի։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը միասնական կառույց չէ, և ԵՄ առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար են ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործընթացի վրա։

«Կցանկանայի դիմել ԵՄ երկրներին, որպեսզի նրանք աջակցեն խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու Ադրբեջանի ձգտմանը և Հայաստանի հետ խաղաղության շուրջ համաձայնեցմանը։ Դա մեզ թույլ կտա շրջել թշնամանքի էջը և ողջ Հարավային Կովկասում սկսել նորմալ կյանք, երբ բոլոր երեք երկրները կդառնան լավ հարևաններ։ Եվ կցանկանայի  խնդրել ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել այս հեռանկարին։ Ցավոք, Եվրամիությունը լիովին միասնական կառույց չէ, և մենք տեսնում ենք, թե ինչպես են առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ, արդար խաղաղության հասնելու գործընթացի վրա»,- նշել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։