Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով

Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է. Ամիրբեկով
Քաղաքականություն
22:16, 16 октябрь 2023
Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնարավոր սպառնալիքների վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին. գրում է 1lurer-ը։

«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Կարևոր է հասկանալ, թե հայկական կողմն ինչպես է ապահովելու տրանսպորտային միջանցքով երթևեկության անվտանգությունը»,- նշել է Ամիրբեկովը։ «Յուրաքանչյուր ուղևորի համար, որը կնստի գնացք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ, անհրաժեշտ են անվտանգության հուսալի երաշխիքներ»,- մանրամասնել է  քաղաքական գործիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի ստեղծել  Իրանի տարածքով։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը, սակայն, չի անդրադարձել հարցին, թե հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման հարցում ինչ փոխզիջումների է պատրաստ Բաքուն, և ինչ մեխանիզմներով է ապահովվելու հայ ուղևորների անվտանգութունը: