Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրաստանում կիրառում են «գունավոր հեղափոխության» մեթոդներ». Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Վրաստանում կիրառում են «գունավոր հեղափոխության» մեթոդներ». Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
Տարածաշրջան
13:19, 08 май 2024
Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի կազմակերպիչները «սադրանքներ» են նախապատրաստում՝ Ուկրաինայի կողմից կռվող վրացի կամավորների ներգրավմամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։ «Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող ակցիաներին մարդկանց որոշակի խմբեր փորձում են սադրանքներ կազմակերպել, որոնց նպատակն է զարգացնել ապակառուցողական և բռնի սցենարներ։ Նրանք ֆինանսավորվում են արտասահմանից կոնկրետ քաղաքական խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։ Այդ հանցավոր ծրագրերում ներգրավված են Վրաստանի քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում, մասնավորապես՝ Ուկրաինայում կռվող վրացիների որոշակի հատված»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս բողոքի ակցիաների կազմակերպիչների նպատակն է բռնազավթել իշխանությունը, հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչների առանձնակի ագրեսիայի թիրախը իրավապահ մարմինների աշխատակիցներն են։ Նրանց բարոյալքելու և հրահրելու համար օգտագործվում են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպման հետ կապված այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ահաբեկումը, կաշառքը, ակցիաների մասնակիցների կողմը նրանց անցնելու բեմականացումը, որն ի վերջո նպատակ ունի պետական կառույցների փլուզման և իշխանության բռնազավթման»,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։