Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը ողջունում է Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը․«Անադոլու» գործակալություն

Իրանը ողջունում է Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը․«Անադոլու» գործակալություն
Տարածաշրջան
16:08, 23 ноябрь 2021
Իրանը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ ստեղծելու «3+3» ձևաչափ, որը բաղկացած կլինի հարավկովկասյան երեք պետություններից՝ Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից, ինչպես նաև Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից։ Այս մասին երկուշաբթի օրը «Անադոլու» գործակալությանը տված իր հոդվածում հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը, հայտնում է IRNA գործակալությունը։ Նա նշել է, որ  նախաձեռնությանը Իրանի աջակցության մասին վերահաստատել է նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ անցյալ տարի Բաքու, Երևան, Մոսկվա, Թբիլիսի և Անկարա կատարած իր տարածաշրջանային շրջագայության ժամանակ։

«Նախաձեռնությունը կօգնի տարածաշրջանին լուծել խնդիրները, նվազագույնի հասցնել լարվածությունը, ընդլայնել համագործակցությունը տարածաշրջանի պետությունների միջև, ինչի միջոցով էլ ստեղծել հզոր տարածաշրջան»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ գործում է հավաքական վճռականության, ընդհանուր շահերի և փոխըմբռնման կարևոր մակարդակ և հաստատակամություն՝ իրականացնելու «3+3» կամ նույնիսկ «3+2» ձևաչափը։ Ֆարազմանդն ասել է, որ որպես վերոհիշյալ ձևաչափի բոլոր պետությունների հետ լավ կապեր ունեցող երկիր՝  Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է իրականացնել նախաձեռնությունը և կարծում է, որ այն կարող է բացել քաղաքական, անվտանգության, առևտրային, տնտեսական և տրանսպորտային համագործակցության լուսավոր հորիզոններ տարածաշրջանի ազգերի միջև։ Ըստ դեսպանի՝ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է «3+3» ձևաչափը։

Նա նշել է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Էրդողանը նույնպես նախկինում առաջարկել են վեցակողմ բանակցություններ վարել։ Ֆարազմանդը ասել է, որ բացի Թուրքիայից՝ որպես առաջարկող կողմ, Ադրբեջանի Հանրապետությունը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ևս ողջունել են նախաձեռնությունը։  Հիշեցնենք, որ օրեր առաջ  Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի խորհրդարանի «Նախարարի ժամանակ» ձևաչափում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Վրաստանը չի կարողանա մասնակցել «3+3 հարթակ» նախաձեռնությանը։

Սյուզի Սիրականյան