Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսները հրթիռակոծել են Խարկովը, ինչի հետևանքով հյուրանոց է վնասվել. վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ թուրք լրագրողներ

Ռուսները հրթիռակոծել են Խարկովը, ինչի հետևանքով հյուրանոց է վնասվել. վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ թուրք լրագրողներ
Ռուսաստան
11:02, 11 январь 2024
Խարկովի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տեղեկություններով՝ ռուս զինվորականները հունվարի 10-ին ժամը մոտավորապես 22:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 23:30-ին) Ս-300 համալիրից հրթիռային հարված են հասցրել քաղաքի Կիևսկի շրջանին, ինչի հետևանքով վնասվել է հյուրանոցային համալիրի շենքը, որում հարձակման պահին եղել է ավելի քան 30 մարդ։ Սինեգուբովն ընդգծել է, որ խոսքը քաղաքացիական անձանց մասին է։
Վարչակազմի ղեկավարը պարզաբանել է, որ հրթիռակոծության ժամանակ վիրավորվել են 31-ից 38 տարեկան չորս տղամարդ, ինչպես նաև 23-ից 71 տարեկան յոթ կին։ 11 տուժածներից երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մնացածին տեղափոխել են բուժհաստատություններ։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը գրում է, որ ռուս զինվորականները քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցին հարվածել են երկու հրթիռով։ Տուժածների թվում են, Տերեխովի խոսքով, թուրք լրագրողներ։ Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարվածից վիրավորվել է Anadolu գործակալության թղթակիցը։ Գործակալությունը հաստատել է այս տեղեկությունը՝ հավելելով, որ հարձակման պահին հյուրանոցում են գտնվել Anadolu-ի երկու աշխատակիցներ։ 

Քաղաքապետը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ավտոսրահ և արտադրական ձեռնարկություն։ Սինեգուբովը հավելել է, որ հարվածից մի քանի մեքենաներ են այրվել։