Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովի և Զապորոժիեի մարզերին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովի և Զապորոժիեի մարզերին. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
18:29, 25 август 2022
Այսօր կեսօրին ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի և Զապորոժիեի մարզերին, հայտնում են տեղական իշխանությունները։
 
Ինչպես գրում է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Չուգուևսկի շրջանի Լեբյաժյե գյուղի հրետակոծության ժամանակ արկը ընկել է բնակելի շենքի վրա։ Զոհվել է 62-ամյա տղամարդ, իսկ նրա կինը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: 

Զանգվածային հրետակոծության են ենթարկվել նաև Զապորոժիեի մարզի Օրեխով քաղաքը և նրա շուրջն ընկած բնակավայրերը, ասել է Զապորոժիեի մարզային վարչակազմի նախագահ Ալեքսանդր Ստարուխը։

«Օկուպանտը կիրառել է հրետանի, մի քանի ժամ անընդմեջ հարվածներ հասցրել,- գրել է նա Telegram-ում:- Զոհվել է 17-ամյա տղա: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին»։

Բացի դրանից, Ստարուխի հաղորդմամբ, Պրեոբրաժենկա գյուղից ևս մի կին՝ 66 տարեկան, ծանր վիրավորում է ստացել։