Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքին հաճոյանալիս չպետք է աբսուրդի մեջ ընկնել». Զախարովան արձագանքել է Սարգիս Խանդանյանի հայտարարությանը

«Արևմուտքին հաճոյանալիս չպետք է աբսուրդի մեջ ընկնել». Զախարովան արձագանքել է Սարգիս Խանդանյանի հայտարարությանը
Ռուսաստան
18:33, 12 январь 2024
Արևմուտքին հաճոյանալու ձգտման մեջ չպետք է հասնել ծայրահեղության և աբսուրդի մեջ ընկնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի խոսքերը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում բանակցությունները «ունեն միջազգային հեղինակություն, և դա ավելացնում է դրանց լեգիտիմությունը»»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ, ցավոք, մի շարք մարդիկ, ովքեր նման բաներ են հայտարարում, պարզապես կորցրել են չափի զգացումը։
Ինչ վերաբերում է Երևանի հայտարարություններին՝ «խաղաղության պայմանագրի կետերի հետընթացի» մասին, Զախարովան նշել է, որ դա շատ կարևոր խնդիր է հենց Հայաստանի համար։

Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման համար առանց այլընտրանքի ճանապարհային քարտեզը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին։

«Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ ուղղակի պատճենել են դրանք, հիշեցնում եմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի մեծ լեգիտիմության մասին, կամ վերափոխել են դրանք՝ ելնելով իրենց կոնյունկտուրային շահերից»,- ասել է Զախարովան։

Նա հարց է տվել, թե ի՞նչ այդպիսի պսևդոմիջնորդների լեգիտիմության մասին կարող է ընդհանրապես խոսք լինել, եթե հավաքական Արևմուտքը, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, բացահայտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, հրահրում է պատերազմներ և հակամարտություններ, կազմակերպում գունավոր հեղափոխություններ և բոլորին պարտադրում իրենց՝ արևմտյանների կողմից հորինված կանոնները։ 

«Եվս մեկ շատ կարևոր պահ. եթե վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում ինչ-որ բան քննարկվի, որը, օրինակ, կհակասի Հայաստանի ազգային շահերին, չե՞ն հիշի արդյոք այդ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ այդ հարթակներն իրենք են հայտարարություններին և փաստաթղթերին ավելի մեծ լեգիտիմություն հաղորդում: Պետք է ուղղակի իմանալ պատմությունը, ձեր երկրների և տարածաշրջանների պատմությունը և համաշխարհային պատմությունը»,- ասել է նա:
Զախարովան ընդգծել է, որ հետընթացի, առաջընթացի, լճացման մասին ցանկացած գնահատական, որ տալիս են պաշտոնական Երևանի, Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնական մակարդակով, այդ պետության բացարձակ իրավասությունն է։
Նա նաև չի բացառել այդ հայտարարությունների և ամերիկացի բանագնացի այցի միջև ինչ-որ կապ կա։