Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր մեկնարկում են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր Steadfast Defender 2024 զորավարժությունները՝ 90 հազար զինծառայողի ներգրավմամբ. Ինչ սցենարով են դրանք անցկացվելու և որքան են տևելու

Այսօր մեկնարկում են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր Steadfast Defender 2024 զորավարժությունները՝ 90 հազար զինծառայողի ներգրավմամբ. Ինչ սցենարով են դրանք անցկացվելու և որքան են տևելու
ԱՄՆ
12:30, 22 январь 2024
Հյուսիսատլանտյան դաշինքը այսօր՝ հունվարի 22-ին, սկսում է վերջին տասնամյակների ընթացքում իր ամենախոշոր 4 ամիս տևողությամբ զորավարժությունները՝ Steadfast Defender 2024, որը նմանակում է հակամարտություն «գործնականում հավասարազոր հակառակորդի» հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Զորավարժություններին կներգրավվի մոտ 90 հազար մարդ։ Դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները և դաշինքին անդամակցելու թեկնածու երկիրը՝ Շվեդիան։ Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի վերջ, կընդգրկեն եվրոպական տարածքը՝ Նորվեգիայից մինչև Ռումինիա։ 

Steadfast Defender զորավարժության սցենարը Ռուսաստանի հարձակումն է դաշնակիցների տարածքի վրա, որը գործողության մեջ է դնում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին պայմանագրի 5-րդ հոդվածը:

Մինչ այժմ վերջին տասնամյակների ամենախոշոր զորավարժություններ էին համարվում Trident Juncture-ը, որին 2018 թվականին մասնակցել է ավելի քան 50 հազար զինծառայող։ ՆԱՏՕ-ն իր վերջին համեմատելի զորավարժություններն անցկացրել է 1988 թվականին, որին մասնակցել է ավելի քան 125 հազար զինվոր։

Steadfast Defender 2024-ին կներգրավվեն նաև ավելի քան 50 նավ՝ ավիակիրներից մինչև ականակիրներ, ինչպես նաև ավելի քան 80 կործանիչներ, ուղղաթիռներ ու անօդաչուներ և առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ և 533 հետևակի մարտական մեքենա:

Ինչպես հայտարարել է Եվրոպայում դաշինքի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Քավոլին, զորավարժությունները ցույց կտան, որ ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել և աջակցել բարդ գործողություններ ցամաքում, ծովում, օդում, կիբերտարածությունում և տիեզերքում՝ «մի քանի ամսվա ընթացքում հազարավոր կիլոմետրերի վրա՝ Ծայր Հյուսիսից մինչև Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա և ցանկացած պայմաններում»: 

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի խոսքով՝ զորավարժությունների այսպիսի մասշտաբը դաշինքի նոր պատրաստվածության ցուցադրում է. «Դա ռեկորդային քանակությամբ զորք է, որը մենք կարող ենք գործարկել և այսպիսի մասշտաբի զորվարժություններ անցկացնել, ամբողջ դաշինքով, օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա»։ Բացի դրանից, Ռազմական կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ պատերազմը միայն զինվորականների գործը չէ. «Երբ գործը հասնում է պատերազմին, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում, այն ազդում է ողջ հասարակության վրա»։