Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը
---
18:20, 23 март 2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։
«Իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը համարում ենք վրդովեցուցիչ։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։ Երևանի մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- գրված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ։