Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵՆ-ում քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մոդելներ, որոնք զսպող հանգամանք կդառնան ապօրինի ընդերքօգտագործումների դեպքերի համար

ՏԿԵՆ-ում քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մոդելներ, որոնք զսպող հանգամանք կդառնան ապօրինի ընդերքօգտագործումների դեպքերի համար
Տնտեսություն
20:20, 18 декабрь 2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին հրավիրվածեն եղել նաև համայնքների ղեկավարներ, ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, որոնք մանրամասներ են  ներկայացրել առկա դեպքերի վերաբերյալ։ 
 
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի հայտնաբերման, ինչպես նաև 2023թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի արձանագրումը և քննարկումը։ 
Անդրադառնալով առկա ապօրինի ընդերքօգտագործման դեպքերին՝ համայնքների ղեկավարները խոսել են ներկա մարտահրավերների և հնարավոր գործիքակազմերի մասին, որոնք կնպաստեն ոլորտի վերահսկմանը և կկանխեն հետագա դեպքերի կրկնությունը։ 
 
Նիստի ընթացքում, ինչպես հաղորդում են նախարարությունից, քննարկվել են նաև օրենսդրական համապատասխան փոփոխությունների մոդելներ, որոնք զսպող հանգամանք կդառնան նման գործունեություն ծավալողների համար։
Ամփոփելով նիստը՝ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործմանը, պետությանը պատճառված վնասին՝ առանձին դեպքերում նաև անդառնալի, և այդ համատեքստում ներկաներին առաջարկել է լինել հետևողական և նախաձեռնող ապօրինի դեպքերի բացահայտման և կանխարգելման աշխատանքներում։