Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձկնաբուծարանների 40 տոկոս ջրախնայողության դեպքում Արարատյան ավազանի ջրի ծավալը ամբողջովին կվերականգնվի. ՇՄՆ ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ

Ձկնաբուծարանների 40 տոկոս ջրախնայողության դեպքում Արարատյան ավազանի ջրի ծավալը ամբողջովին կվերականգնվի. ՇՄՆ ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ
Տնտեսություն
23:25, 27 декабрь 2023
«Ձկնաբուծարանները պետք է 40 տոկոս ջրախնայողությամբ աշխատեն։ Մենք  հաշվի ենք առել կլիմայական փոփոխությունը, հաշվի ենք առել, որ ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է մոտ -1,57 մետրով, և հաշվարկներ ենք արել, թե որքան պետք է լինի ջրախնայողությունը, որպեսզի մակարդակը ոչ միայն դառնա 1 մետր, այլև ավելի բարձրանա»,- ասաց շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը՝  անդրադառնալով ՀՀ-ում ջրային պաշարների խնդրին։ 

Ըստ նրա՝ եթե տարիներ առաջ Արարատի մարզում ինքնաշատրվանող բազմաթիվ ջրեր կային, ապա այսօր այդ ջրերը արդյունահանելու համար պոմպ է օգտագործվում. «Ձկնաբուծարանների 40 տոկոս ջրախնայողության դեպքում Արարատյան ավազանի ջրի ծավալը ամբողջովին կվերականգնվի»։
Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, անդրադառնալով ՀՀ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրներին, նշեց, որ խմելու ու ոռոգման ջրերը առաջնահերթություն են. «Խմելու ջրի հետ կապված չենք կարող որևէ փոփոխություն իրականացնել, քանի որ դա կենսական է»։
Լրագրողի դիտարկմանը, որ Արարատյան դաշտի մի շարք բնակավայրերում բնակչության համար խմելու ջուրը չունի բավարար որակ, այդ ջուրը առողջության համար վտանգավոր է,   և բնակիչները Գառնիի ջուր են գնում ջրի ապարատներից, փոխնախարարը ասաց. «Արարատյան դաշտի շատ հայրենակիցներ օգտագործում են այդ ջրից։ Հիմա տեսեք, եթե դուք ցանկանում եք ավելի լավ ջուր խմել, օրինակ՝ «Բյուրեղից» լավ ջուր խմել, ապա դուք առնում եք իտալական, ֆրանսիական ջրեր։ Դա այդ մարդկանց նախապատվությունն է։ Խմելու նպատակով ամբողջ ջուրը Արարատի մարզի բնակիչներին բավարարում է, ուղղակի ուզում են ավելի լավ ջուր խմել, դրա համար Գառնիի ջրի ապարատներից են օգտվում»։