Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կլիմայի փոփոխությունը մանրադիտակի տակ է դնում մեր ջրային ռեսուրսների կառավարման թերությունները»․ քննարկում

«Կլիմայի փոփոխությունը մանրադիտակի տակ է դնում մեր ջրային ռեսուրսների կառավարման թերությունները»․ քննարկում
Հայաստան
16:00, 15 июль 2021
«Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով կազմակերպված այսօրվա քննարկման ժամանակ Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանն անդրադարձավ Արցախի ջրային պաշարներին։

«Քարվաճառը Հայաստանի համար երբեք չի եղել ջրի պաշարների դոնոր։ Համաձայն իմ տեղեկության մենք Քարվաճառում Թարթառ, իսկ Լաչինում Հագարի գետերը իրենց վտակներով կորցրել ենք, այդ գետերը օգտագործվում էին էներգետիկ նպատակներով և սարսանգի ՀԷԿ֊-ի հետ միասին, արտադրում էին գրեթե երկու անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան Արցախի պահանջն էր։ Թարթառից ոռոգվում էին որոշ տարածքներ և մեծ ծրագրեր արդեն սկսել էին իրականացվել նոր ոռոգելի տարածքներ ներգրավվելու, իրացնելու համար»,-նշեց նա։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ ջրային խնդիրները, որոնք եղել են տարիներ առաջ, և ավելի են սրվում։ «Կլիմայի փոփոխությունը մանրադիտակի տակ է դնում մեր ջրային ռեսուրսների կառավարման թերությունները, մենք պատշաճ չենք օգտագործում ջրային աղբյուրները և պատշաճ չենք պահեստավորում, ջրամբարները որքանո՞վ են այսօր ապահովված ջրով»,-նշեց նա։ 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի տվյալներով՝ «Հայաստանը գտնվում է ջրային պաշարի ռեսուրսներով սթրեսային 34-րդ տեղում, մեր ջրային պաշարները շատ չեն»։