Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում նախատեսում ենք ջրամբարներ կառուցել՝ պատերազմից հետո ջրային ռեսուրսների կորուստներով պայմանավորված․ Արտակ Բեգլարյան․ Տեսանյութ

Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասն անցավ Ադրբեջանի հսկողության ներքո ի՞նչ ռիսկեր է դա պարունակում և ինչպե՞ս եք նախատեսում լուծել ջրի հետ կապված խնդիրը։ Այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողները նաև այս հարցն ուղղեցին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանին՝ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։  

«Ջրային ռեսուրսների բավական կորուստներ ենք ունեցել՝ ակունքների հանդեպ վերահսկողության։ Նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները, զուգահեռաբար խմելու ջրի հարցերը բոլոր համայնքներում նախատեսում ենք մոտ երեք տարվա ընթացքում լուծել, կարգավորել, այդ թվում Ստեփանակերտի հետ կապված որոշակի լրացուցիչ լուծումներ են տրվելու։ Ջրի որակի հետ կապված ուսումնասիրությւոններ են կատարվում»,-պատասխանեց Բեգլարյանը։ 

Նա անդրադառնալով Արցախում ավերված կոմունիկացիոն՝ ջրի, գազի, հոսանքի մատակարարման համակարգին՝ նշեց, որ  պատերազմի ժամանակ լրջորեն վնասվել էին բոլոր ենթակառուցվածքները, որոնք դիտավորյալ՝ նպատակային կերպով թիրախավորվել էին Ադրբեջանի կողմից, սակայն հետպատերազմյան մի քանի ամսվա ընթացքում ինտեսնիվ աշխատանք է կատարվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են․ «Արտեզյան հորերի վերահսկողության հետ կապված խնդիրները դեռևս որոշ չափով մնում են։ Էլեկտրամատակարարման մասով ամբողջությամբ վերականգնված է, բայց քանի որ մեր ՀԷԿ-երի համակարգը մեծամասամբ մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ, այս մասով էլ լրացուցիչ աշխատանքեր ունենք կատարելու»։